Բաց նամակ ՀՀ վարչապետին

«Փախստականները եվ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը բաց նամակ է ուղղել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին

«Մեծարգո պարոն վարչապետ

“Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցը
նախկինում ևս դիմումներ և հորդորներ է հղել փախստականների խնդիրներով զբաղվող ՀՀ
տարբեր պետական ատյաններին` ահազանգելով այն մասին, որ հայաստանյան տարբեր պետական
ու հասարակական, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կառույցներ նպատակաուղղված
քաղաքականություն են վարում ընդդեմ ադրբեջանահայ փախստականների արմատական շահերի:
Դժբախտաբար առ այսօր հայաստանցի պաշտոնյաները, այդ թվում նաև ՀՀ փոխվարչապետ, ՀՀ
տարածքային կառավարման նախարար պարոն Արմեն Գևորգյանը հարկ չհամարեցին որևէ
բացատրություն տալ ադրբեջանահայ փախստականների շահերի ոտնահարման կամ անտեսման
փաստերի կապակցությամբ: Նախորդ անգամ մենք մեր վրդովմունքն էինք արտահայտել ՀՀ-ում
ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի և ՀՀ տարածքային կառավարման
նախարարությանն առընթեր միգրացիայի գործակալության` Հայաստանում առկա փախստականների
վերաբերյալ համատեղ պատրաստած վերլուծության կապակցությամբ, որը պարունակում էր
ակնհայտ և միտումնավոր ապատեղեկատվություն ու նպատակաուղղված էր ցույց տալու, որ
Հայաստանում ադրբեջանահայ փախստականների խնդիրը համադրելի է իրաքահայ փախստականների
խնդրին: Վերոնշյալ փաստաթղթում միաժամանակ պնդում էր արվում, որ ադրբեջանահայերը
փախստական դարձան Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած զինված հակամարտության
ընթացքում, ինչն ակնհայտ սուտ է:

Թերևս, համանման քաղաքական խնդիր է լուծվում նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով
գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվերով ու Եվրոպական հանձնաժողովի
ֆինանսական աջակցությամբ նախապատրաստված և ս/թ հոկտեմբերին հրապարակված “Սեռական և
գենդերային բռնությունը կին փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ
Հայաստանում: Հարցման արդյունքների զեկույց” փաստաթղթով: Այս զեկույցում ևս հստակ
միտում կա հավասարեցնելու ադրբեջանահայ և իրաքահայ փախստականների հիմնախնդիրը.
զեկույցի հեղինակները հարցման մասնակից են դարձրել 392 կնոջ, որոնցից 355
Ադրբեջանից են, իսկ 37-ը` Իրաքից: Սա նշանակում է, որ հարցվածների մոտ տասը տոկոսը
Իրաքից է, մինչդեռ Հայաստանում ապաստանած իրաքահայերի ընդհանուր թիվը չի անցնում
850-ից, այնինչ Ադրբեջանից Հայաստան է բռնագաղթել շուրջ 400 000 հայազգի փախստական:
Ուստի, Իրաքից ժամանած փախստականների քանակը կազմում է փախստականների թվի մոտ 0,2
տոկոսը և տրամաբանական կլիներ, որ այդ համամասնությունը պահպանվեր նաև հարցմանը
մասնակցած կին-փախստականների ընտրանքի ժամանակ: Այսպիսի աճպարարության միջոցով
հավասարության նշան է դրվում Իրաքում և Ադրբեջանում տեղի ունեցած
իրադարձությունների և դրանց հետևանքների` այդ թվում նաև փախստականների ի հայտ գալու
հանգամանքների միջև: Մինչդեռ Ադրբեջանում հայերը ադրբեջանական իշխանությունների ու
խաժամուժի ցեղասպան գործողությունների անմիջական թիրախ էին, այնինչ Իրաքում
ամերիկյան զորախմբերի ներխուժման արդյունքում առաջացած ընդհանուր անիշխանության և
քաղաքացիական պատերազմի հետևանքով կորուստներ են կրում և բռնությունների ենթարկվում
շիա ու սուննի արաբները, քրդերը, թուրքմենները և այլոք:

Խնդրո առարկա զեկույցով թեև ներկայացվում է կին փախստականների հանդեպ Հայաստանում
կիրառված սեռական և գենդերային բռնության պատկերը, սակայն շնորհիվ “Սեռական և
գենդերային բռնությունը տեղահանության ժամանակ” ենթաբաժնում տեղ գտած տվյալների
զեկույցը ընթերցողին “օգնում” է հասկանալ, որ հատկապես սեռական բռնության առումով
կին-փախստականների նկատմամբ կատարված ոտնձգությունների ծավալը Ադրբեջանում
տեղահանման ընթացքում և այստեղ` Հայաստանում ապաստանելուց հետո միանգամայն
համադրելի է, իսկ սեռական բռնության առանձին տեսակների գծով Հայաստանն Ադրբեջանից
անգամ առաջ է անցնում: Այսպես օրինակ. “Ինձ ստիպել են կամ սպառնացել՝ ինձ հետ
բերանային, հեշտոցային կամ հետանցքային սեռական հարաբերություններ ունենալու համար“
հարցին դրական են պատասխանել տեղահանության ժամանակ (այսինքն, Ադրբեջանից
արտաքսվելիս) կին փախստականների 0,3 տոկոսը, այնինչ Հայաստանում այդպիսի
ոտնձգության են ենթարկվել հարցվածների 0,5 տոկոսը։ Սեռական ոտնձգությունների որոշ
տեսակներ բնորոշ են միայն Հայաստանի համար և ներկայացված են հետևյալ պնդումներով /մեջբերումները`
վերոհիշյալ զեկույցի գծապատկերներ Ա և Բ-ից, էջեր` 10-11/.

-ինձ պարտադրել են սեռական հարաբերություններ ունենալ ինչ-որ բանի դիմաց՝
հարցվածների 0,8%,

- շոշափել են իմ մարմնի սեքսուալ մասերը՝ հարցվածների 0,8 %,

- խփել են իմ մարմնի սեքսուալ մասերին՝ հարցվածների 0,3%,

- զննել են իմ մարմնի ներքին խոռոչները՝ հարցվածների 0,3%։

Զեկույցում նշվում է, որ ադրբեջանահայությունը բռնագաղթել է 1988-89թթ. ընթացքում և
կին-փախստականների նկատմամբ բռնություն գործածների 7 տոկոսը զինվորականներ էին։ Սա
հատկապես ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի տարածքում գերազանցապես
ռուսական կամ սլավոնական ծագում ունեցող զինվորներով համալրված խորհրդային զորքերը
օգտագործվեցին ընդդեմ հայ բնակչության 1991թ. “Օղակ“ գործողության ժամանակ, երբ
ադրբեջանահայության ավելի քան 90 տոկոսն արդեն վաղուց վտարվել էր Ադրբեջանից։
Արդյունքում, ստացվում է, որ Հայաստան գալուց հետո կին-փախստականները ենթարկվել են
ավելի շատ սեռական բռնության, քան Ադրբեջանում՝ բռնագաղթի ընթացքում, իսկ
Ադրբեջանում նրանց նկատմամբ բռնություն գործածների 7 տոկոսն էլ խորհրդային զորքերի`
գերազանցապես սլավոն զինծառայողներն են եղել։

Հիմնվելով վերը ասվածի և այլ նախադեպերի վրա` ստիպված ենք արձանագրել, որ քանի դեռ
Հայաստանը ադրբեջանահայ փախստականների հարցում սկզբունքային դիրքորոշում չի
որդեգրել, քանի դեռ չի մշակել ու կիրառում նախահարձակ ու պահանջատեր
քաղաքականություն, մենք կլինենք անպաշտպան ու խոցելի թիրախ արտաքին աշխարհի կողմից
կատարվող ոտնձգությունների և նպատակային ապատեղեկատվության համար։ Մենք դարձել ենք
օտարների քաղաքականության օբյեկտ, իսկ մեր պետական գործիչները, որոշ հասարակական
կազմակերպություններ և սպասարկու լրագրողներ լծվել են թշնամու սայլին։ Պետք է տալ
սրա վերջը և մենք Ձեզնից գործուն քայլեր ենք ակնկալում:»