Եվրամիությունը հորդորում է Հայաստանին ներքին իրավիճակը «հարթել ընդդիմության հետ ինտենսիվ երկխոսությունների ճանապարհով»

«Հայաստանն ուզում է ավելի մոտ լինել Եվրամիությանը», - երեկ Պրահայում չեխ գործընկերոջ` Կարել Շվարցենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբադյանն ու ընդգծեց. - «Եվրամիության առաջարկած նոր ծրագիրը Արեւելյան գործընկերության վերաբերյալ նոր դռներ ու հնարավորություններ է բացում մեր առջեւ` եվրոպական ընտանիքի հետ տարբեր ոլորտներում ավելի սերտորեն համագործակցելու համար»:

Գործընկերության այս նոր ծրագիրը, որ Եվրամիությունն առաջարկում է նախկին խորհրդային 6 երկրների` այդ թվում Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին, պաշտոնապես կմեկնարկի այս տարվա մայիսին` Պրահայում կայանալիք հավակնորդ երկրների եւ Եվրամիության ղեկավարների համատեղ գագաթնաժողովում: Նախաձեռնությունը անդամակցության հեռանկար չի խոստանում, սակայն առաջարկում է մի շարք էական առավելություններ` զբոսաշրջիկների համար անցագրային ռեժիմի մեղմացում, առեւտրի ազատականացում ու լուրջ ֆինանսական աջակցություն: Փոխարենը Եվրամիությունը հավակնորդ երկրներից պահանջում է բարեփոխումներ` օրենսդրության ու ժողովրդավարության ուղղությամբ:

«Վեց երկրներից յուրաքանչյուրին պետք է առաջարկվի, այսպես ասած` գործողությունների առանձին ծրագիր, որը կհամապատասխանի տվյալ երկրում առկա իրականությանը եւ կբխի տվյալ երկրի կարիքներից: Ընդ որում, այդ ծրագրերը կլինեն կոնկրետ քայլեր, եւ ոչ թե ընդհանուր գաղափարներ», - հայտարարեց Եվրամիությունում այժմ նախագահող երկրի` Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: - «Երկկողմ բանակցությունները դեռեւս նոր են սկսվում, եւ ես այժմ դժվարանում են նշել` կոնկրետ ինչպիսին է լինելու Հայաստանին ներկայացվող ծրագիրը»:

Այդուամենայնիվ, Չեխիայի արտգործնախարարը փաստեց, որ եվրոպական ընտանիքը Հայաստանից բարեփոխումներ է սպասում երկու ուղղություններով. - «Առաջինը` բարելավել հարաբերությունները հարեւանների հետ. այս առումով մենք կարող ենք տեսնել շատ դրական զարգացումներ Թուրքիայի հետ հարաբերություններում: Խոստումնալից են նաեւ Ադրբեջանի հետ սկսված բանակցությունները, եւ մենք հույս ունենք, որ շատ շուտով այստեղ իրավիճակը կկարգավորվի»:

Երկրորդ ուղղությունը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին` մարդու իրավունքների պաշտպանությանը եւ քաղբանտարկյալներին վերաբերող հարցերին. - «Հույս ունենք, որ այս ոլորտում էլ առաջընթաց կարձանագրվի: Անշուշտ, մենք տեղյակ ենք, որ Հայաստանն արդեն որոշ քայլեր արել է` իրավիճակը բարելավելու համար, սակայն այդ ջանքերը պետք է շարունակվեն»:

Չեխիայի արտգործնախարարի այս հայտարարությունից հետո էդվարդ Նալբանդյանը նախ նկատեց, թե Հայաստանում, իր համոզմամբ, չկան քաղբանտարկյալներ, ապա ընդգծեց, որ պաշտոնական Երեւանը իրականացրել է միջազգային հանրության առաջարկները եւ մտադիր է շարունակել այդ գործընթացը. - «Չեմ կարծում, որ մենք Հայաստանում քաղբանտարկյալներ ունենք: Եվրամիության որեւէ փաստաթղթում նման զգուշացում չկա: ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւում նույնպես նման դրույթ չկա. կան մի քանի առաջարկներ, եւ ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները իրականացրել են նախորդ երկու բանաձեւերում ներառված առաջարկների ավելի քան 90 տոկոսը, եւ պատրաստվում ենք կատարել բոլոր մյուս առաջարկները եւս»:

«2008 թվականի նախագահական ընտրություններից ու մարտյան դեպքերից հետո Եվրամիությունը փորձում էր ինչ-որ կերպ նպաստել Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ հնարավոր երկխոսությանը. արդյոք դուք շարունակո՞ւմ եք այդ ջանքերը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Չեխիայի արտգործնախարարը պատասխանեց. - «Եվրամիության մոտեցումը նույնն է բոլոր երկրների նկատմամբ. մեր համոզմամբ, լավագույն ելքը երկխոսությունն է ընդդիմության հետ: Մենք ճնշում չենք գործադրում, սակայն հորդորում ենք Հայաստանին իրավիճակը հարթել ընդդիմության հետ ինտենսիվ երկխոսությունների ճանապարհով»:

Նույն հարցին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե պաշտոնական Երեւանը արել եւ շարունակում է ամեն ինչ անել` քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների հետ անկեղծ երկխոսություն վարելու համար. - «Մենք միշտ բաց ենք բանակցությունների համար, եւ իշխանությունները մի քանի անգամ հանդես են եկել նման կոչով, սակայն երկխոսություն կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ դիմացինդ է ուզում երկխոսել»: