Քրեական Օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը կքվեարկվի առանց 225 հոդվածի 5-րդ մասի

Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների փոփոխության վերաբերյալ օրինագծի համահեղինակ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համաձայն
չէ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի այն տեսակետի հետ, ըստ որի, եթե զանգվածային միջոցառման ժամանակ իշխանությունը բռնի տապալելու կոչեր են արվել, բայց դրան որևէ գործողություն չի հետևել, ապա չպետք է քրեական հետապնդում սկսվել այդ կոչերի
հեղինակի դեմ: Նրա խոսքով, բռության կոչն ինքնին հանցագործություն է և անկախ նրանից,
այդ կոչերին գործողություններ հետևել են, թե` ոչ, քրեական հետապնդում պետք է սկսել:
Հակառակ դեպքում, ըստ Դ. Հարությունյանի, «ստացվում է, որ մենք պետք է մարդուն
դատապարտենք կախված նրանից, թե նրա կոչի արդյունքում գործողություն եղավ, թե ոչ»:



Ինչ վերաբերում է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկին, ըստ որի
իշխանություն զավթելն ու իշխանություն պահելը օրենսգրքում պետք է ներկայացվեն, քանի
որ իշխանություն պահելը իշխանություն զավթելու մի մաս է, Դ. Հարությունյանն ասաց.
«Գուցե ընդհանուր առմամբ այդպես է, բայց եթե զավթելը ենթադրում է բռնի
գործողություններ, ապա պահելու դեպքում ձևերը այլ կարող են լինել»:



Նա նաև համաձայն չէ, որ ընտրություններ կեղծելով իշխանությունը պահելը տեղավորվում
է «սահմանադրական կարգը վերացնելու» հոդվածում, քանի որ վերացնել ասելիս հասկացվում
է, երբ այդ կարգը ամբողջությամբ է վերացվում, իսկ տվյալ դեպքում խոսքը գնում է
սահմանադրական կարգը խախտելու, այլ ոչ այն ամբողջությամբ վերացնելու մասին:



Դ. Հարությունյանն անդրադաձավ նաև մարտի 1-ին ցուցարարների կողմից բարիկադներ
կառուցելու խնդրին և նշեց, որ օրինակ Ֆրանսիայում օրենսդրությունն ավելի խիստ է և
«բարիկադ կառուցելն արդեն համարվում է զանգվածային անկարգություն և պատժվում է 15
տարի ազատազրկմամբ ու 300 հազար եվրո տուգանքով»:



Նա առաջարկեց, որ քրեական օրենսգրքի 225 հոդվածի փոփոխությունները քվեարկության
դրվեն առանց 5-րդ մասի, որը սահմանում է, որ զանգվածային անկարգությունների վայրում
գտնվող անձը, որը որևէ արարք չի կատարել նույնպես կարող է հետապնդվել, որպես
զանգվածային անկարգության մասնակից: Նշենք, որ այս դրույթը ԱԺ քննարկումներում
ամենավիճելի ու ամենաքննադատվող դրույթներից մեկն էր: