«Ինչո՞ւ այդքան ատելություն կար»

«Ոնց որ 37 թիվը լիներ, ոստիկանները մտնեն տունդ և երեխաների աչքի առջև բարձր խոսեն ու սպառնալիքներ հնչեցնեն: Ինչո՞ւ այդքան ատելություն կար, որ ոսկորներս էին ուզում ջարդել, տանեին ինձ բանտում փտեցնեին, որ երեխաներս անհայր մեծանային»,- երեկ Կենտրոն և Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսպիսի հարցով դատարանին է դիմել Հելսինկյան Ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանը:Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող իրավապաշտպանը երեկ հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ՝ պնդելով նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքը: Նա նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և իրականում «տուժող» ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն կիրառել:

Նրա խոսքերով, ինքը հունիսի 5-ին շատ հանգիստ նստել է ոստիկանական մեքենան, բայց մեքենայի մեջ արդեն ոստիկանները , գործով տուժող Վահե Բադալյանն ու Աշոտ Սարգսյանը սկսել են հարվածել, ինչի արդյունքում նրա գլխին կոշտուկներ են հայտնվել: 
Հակոբյանը համոզմունքն է հայտնել նաև, որ ոստիկանները եկել էին, ոչ թե իրեն ծանուցագիր հանձնելու այլ պատճառ էին փնտրում բերման ենթարկելու համար։ Հակոբյանը հստակեցրել է, որ մատները կոտրելու սպառնալիք տված ոստիկանն այս գործով տուժող ճանաչված Վահե Բադալյանն էր, ով իրեն բերման ենթարկելիս էլ մեքենայի մեջ հարվածներ է հասցրել Հակոբյանի գլխին և ասել. «Էդ ում էիր տնից դուրս հանում, դե հիմա կտեսնես»։

Իրավապաշտպանը պատմել է, որ 3 ժամ ինքը փաստաբան է պահանջել, սակայն ոստիկանները չեն արձագանքել: Իսկ խմածության աստիճանը ստուգելու համար, նրա խոսքերով, ոստիկանները կրկին բռնություն են կիրառել, քանի որ առանց պաշտպանի նա չի ցանկացել խմածության տեստ հանձնել:

Երեկվա դատական նիստի ընթացքում հարցաքննվել է նաև գործով անցնող վկա Ոստիակնության Կենտրոնի բաժնի տեղամասային տեսուչ Սամվել Հարությունյանը։ Վերջինս իր ցուցմունքում նշել է, որ երբ ահազանգ է ստացվել ոստիկանություն, ինքը և Արամ Հովսեփյանը գնացել են Հակոբյանի բնակարան, որտեղից, նրա խոսքերով, հայհոյանքներ են լսվել, բայց երբ ինքը մտել է բնակարան լռություն է տիրել և իր ներկայությամբ Հակոբյանը չի հայհոյել, ոստիկաններին չի հարվածել ու ծխախոտի գլանակ չի նետել և ծխելուց չի եղել, մինչդեռ նրա հետ եկած ոստիկան Արամ Հովսեփյանը, ով հարցաքննվել էր նախորդ դատական նիստի ժամանակ, պնդել էր հակառակը։

Արշալույս Հակոբյանի կնոջ մայրը՝ Լինա Ղազարյանը, ով ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում՝ իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ երբ ծանուցագիր բերած ոստիկանները տեսել են, որ Արշալույսը սխալ տեղում է ստորագրել, սկսել են անհարգալից վերաբերմունք դրսևորել նրա նկատմամբ։ «Սովետի վախտը լիներ, մատներդ հատ-հատ կկոտրեինք»։ Իսկ երբ Հակոբյանի կնոջ հայրը փորձել է հանդարտեցնել ոստիակններին, նրանից մեկն ասել է. «Փեսայիդ նմանները պիտի բանտ նստեն ու փտեն բանտում, նրա երեխաները պիտի մեծանան առանց հոր»։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը համոզված է, որ Արշալույս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է նրա իրավապաշտպան գործունեության հետ։

Նկատենք, որ դատարանում որպես վկա հանդես եկողները հիմնականում ոստիկանության աշխատակիցներ են։