Հարձակում՝ զենքի սպառնալիքով

Երեկ երեկոյան՝ ժամը 21-ի սահմաններում հարձակման է ենթարկվել «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Սարգսյանն՝ իր դստեր հետ։ «Մեր շենքի բակում, ես և աղջիկս ենթարկվել ենք բռնության, այն  էլ' զենքի սպառնալիքով: Միայն պատահականությամբ էր, որ մեզ հաջողվեց անվնաս դուրս գալ այդ հարձակումից», այսօր տարածած հայտարարության մեջ ասում է «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» ՀԿ նախագահը:

Հիշեցնում եմ, որ իմ կողմից իշխանություններին, այդ թվում' իրավապահ մարմիններին, ուղղված դիմումներն ու հայտարարությունները, որ դիտորդական գործունեությանս հետ կապված իմ և երեխաներիս անվտանգությունը վտանգված է, մնացել են անհետևանք»:

Անահիտ Սարգսյանը թիվ 10 ընտրատարածքում դիտորդական առաքելություն էր  իրականացնում 2010թ. հունվարի 10-ին ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրություններում։

Նրա պատմելով՝ երկու երիտասարդները՝ բարձրահասակ ու միջահասակ, դուրս են եկել ավտոտնակների հետևից ու  նրանց մոտեցել իրենց շենքի մուտքի մոտ։

Սարգսյանը պատմում է, որ նրանցից մեկը, ով գլխարկով է եղել, ասել է' «Չէինք ասել խելոք կմնաս, եփածդ կաշան կուտես», ապա ձեռքը տարել է «նագանի կոթին ու մոտեցրեց փորիս»:

«Աղջիկս սկսեց նյարդային ձայներ հանել, իսկ ամուսինս, ով գալիս էր մեզ դիմավորելու, երբ լույսը գցեց վրաները, փախան»,-ասել է  Ա. Սարգսյանը: Նրա խոսքով, միջադեպը կապված է  ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու ու խախտումների մասին բարձրաձայնելու հետ:

Ընտրությունից հետո «Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոնը» ներկայացրել էր հետընտրական զարգացումների վերաբերյալ միջանկյալ զեկույց, որով բացական էր գնահատում 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրությունները։

Դիտորդները հայտարարել էին, որ քվեարկությունն ուղեկցվել է ոչ միայն Ընտրական օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումներով, այլեւ «անթաքույց հանցավոր ոտնձգություններով քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման դեմ»:

ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրություններում հաղթել էր «Ազգային Միաբանություն» կուսակցությունը ներկայացնող Արա Սիմոնյանը։

Նրա մրցակից «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների արդյունքները վիճարկում է Սահմանադրական դատարանում՝ պահանջելով անվավեր ճանաչել դրանց արդյունքները։

Դիտորդի կարծիքով խախտում է արել նաև  Սահմանադրական դատարանը՝ դիմումի  քննությունը նշանակելով օրենքով սահմանվածից ավելի ուշ։Հայցի քննությունը Սահմանադրական դատարանում նախատեսվում է մարտի 5-ին։

Նա չի պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին քանի որ նախորդ անգամ՝2009թ դեկտեմբերին, երբ սպառնալիքներ պարունակող նամակ էր ստացել, դիմել է րոստիկանությանը, իսկ ոստիկանությունն, իր կարծիքով,   անհրաժեշտ քայլեր չէր ձեռնարկել:

«Հայտարարում եմ, որ այս ահաբեկչությունն իշխանությունների դատապարտելի անգործության հետևանք է և ողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը, որի կրավորական կեցվածքը նպաստում է երկրում վախի, բռնությունների մթնոլորտի տարածմանը և ընտրությունների նկատմամբ բնակչության հավատի իսպառ վերացմանը», ասված է հայտարարության մեջ։