NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հարձակում՝ զենքի սպառնալիքով
Երեկ երեկոյան՝ ժամը 21-ի սահմաններում հարձակման է ենթարկվել «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Սարգսյանն՝ իր դստեր հետ։ «Մեր շենքի բակում, ես և աղջիկս ենթարկվել ենք բռնության, այն էլ' զենքի սպառնալիքով: Միայն պատահականությամբ էր, որ մեզ հաջողվեց անվնաս դուրս գալ այդ հարձակումից», այսօր տարածած հայտարարության մեջ ասում է «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» ՀԿ նախագահը:
Հիշեցնում եմ, որ իմ կողմից իշխանություններին, այդ թվում' իրավապահ մարմիններին, ուղղված դիմումներն ու հայտարարությունները, որ դիտորդական գործունեությանս հետ կապված իմ և երեխաներիս անվտանգությունը վտանգված է, մնացել են անհետևանք»:
Անահիտ Սարգսյանը թիվ 10 ընտրատարածքում դիտորդական առաքելություն էր իրականացնում 2010թ. հունվարի 10-ին ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրություններում։
Նրա պատմելով՝ երկու երիտասարդները՝ բարձրահասակ ու միջահասակ, դուրս են եկել ավտոտնակների հետևից ու նրանց մոտեցել իրենց շենքի մուտքի մոտ։
Սարգսյանը պատմում է, որ նրանցից մեկը, ով գլխարկով է եղել, ասել է' «Չէինք ասել խելոք կմնաս, եփածդ կաշան կուտես», ապա ձեռքը տարել է «նագանի կոթին ու մոտեցրեց փորիս»:
«Աղջիկս սկսեց նյարդային ձայներ հանել, իսկ ամուսինս, ով գալիս էր մեզ դիմավորելու, երբ լույսը գցեց վրաները, փախան»,-ասել է Ա. Սարգսյանը: Նրա խոսքով, միջադեպը կապված է ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու ու խախտումների մասին բարձրաձայնելու հետ:
Ընտրությունից հետո «Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոնը» ներկայացրել էր հետընտրական զարգացումների վերաբերյալ միջանկյալ զեկույց, որով բացական էր գնահատում 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրությունները։
Դիտորդները հայտարարել էին, որ քվեարկությունն ուղեկցվել է ոչ միայն Ընտրական օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումներով, այլեւ «անթաքույց հանցավոր ոտնձգություններով քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման դեմ»:
ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրություններում հաղթել էր «Ազգային Միաբանություն» կուսակցությունը ներկայացնող Արա Սիմոնյանը։
Նրա մրցակից «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների արդյունքները վիճարկում է Սահմանադրական դատարանում՝ պահանջելով անվավեր ճանաչել դրանց արդյունքները։
Դիտորդի կարծիքով խախտում է արել նաև Սահմանադրական դատարանը՝ դիմումի քննությունը նշանակելով օրենքով սահմանվածից ավելի ուշ։Հայցի քննությունը Սահմանադրական դատարանում նախատեսվում է մարտի 5-ին։
Նա չի պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին քանի որ նախորդ անգամ՝2009թ դեկտեմբերին, երբ սպառնալիքներ պարունակող նամակ էր ստացել, դիմել է րոստիկանությանը, իսկ ոստիկանությունն, իր կարծիքով, անհրաժեշտ քայլեր չէր ձեռնարկել:
«Հայտարարում եմ, որ այս ահաբեկչությունն իշխանությունների դատապարտելի անգործության հետևանք է և ողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը, որի կրավորական կեցվածքը նպաստում է երկրում վախի, բռնությունների մթնոլորտի տարածմանը և ընտրությունների նկատմամբ բնակչության հավատի իսպառ վերացմանը», ասված է հայտարարության մեջ։
