Զարուհի Փոստանջյանը կբողոքարկի

Մարտի 31-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվել և ավարտվել է «Ժառանգություն»  կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության:

Նիստի սկզբում պատգամավորի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը կրկին անգամ հիմնավոր և ըստ հերթականության ներկայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն բոլոր հոդվածներն ու համապատասխան կետերը, որոնցով պարտավոր էր առաջնորդվելու Ներսես Նազարյանը, ինչը որ չի արվել: Մասնավորապես, փաստաբանը հանգամանալից ապացուցել է, որ Ներսես Նազարյանը.

-          չորս ամիս դրսևորել է անգործություն՝ չկայացնելով ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ որոշումներ,

-          26.02.2010 թվականին իր կայացրած որոշմամբ' նյութերն ըստ ենթակայության ուղարկելու մասին, ձգտել է ստեղծել իր չորսամսյա պաշտոնեական անգործության վերացման երևութականություն,

-          այդ որոշման մեջ հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի 3-րդ կետին, համաձայն որի' հանցագործության մասին հաղորդումը նա կարող էր ըստ ենթակայության ուղարկել միայն այն դեպքում, երբ քրեական գործի հարուցման հարցի լուծման համար ՀԱՆՑԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ անհրաժեշտ է կատարել դեպքին առնչվող նախնական գործողություններ, նա դրանով իսկ իրավաբանորեն և փաստացի ճանաչում է հանցանքի առկայության փաստը,

-          պարտավոր էր առաջնորդվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որում պարզորոշ շարադրված է հետևյալը. ՙՀետաքննության մարմինը' (տվյալ դեպքում' Երևան քաղաքի ոստիկանությունը) հարուցում է քրեական գործ, գործն ընդունում է իր վարույթ կամ ուղարկում է ըստ ենթակայության, ինչպես նաև սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մերժում է քրեական գործի հարուցումը...

Ն. Նազարյանի ներկայացուցիչն իր պատասխանում շարունակ հղում էր անում ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագրքին, ինչի' թերևս որպես ոչ բավարար հակափաստարկ ներկայացնելու մեջ համոզվելուց հետո նա ըստ էության փաստացի ապավինեց դատավորի կողմից փաստաբանին ուղղված հարց-դիտարկումներին:

Մասնավորապես, դատավորը նախ փորձեց փաստաբանից ճշտել կամ գուցե իր համար պարզել, թե Ներսես Նազարյանն ինչո±ւ պետք է առաջնորդվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և այդ նպատակով նույնիսկ բարձրաձայն կարդաց նշյալ դրույթը: Փաստաբանի' առավել քան տրամաբանական և հիմնավոր բացատրությունից հետո դատավորն այնուհետև կարծիք հայտնեց, թե միգուցե Երևան քաղաքի ոստիկանապետին դիմելու փոխարեն միանգամից պետք էր դիմել դատախազությո±ւն: Փաստաբանն այդ ինքնատիպ  դիտարկմանն ի պատասխան հիշեցրեց, որ պատգամավորի բողոքը վերաբերում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի կողմից 4 ամիս դրսևորած ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ, իսկ լրացուցիչ բողոքի պահանջը' նրա կողմից կայացված 26.02.2010 թվականի որոշման ԱՆՀԻՄՆ լինելուն:

Դատավորի հարցադրումներից հետո ավելի քան սպասելի էր դատարանի որոշման բովանդակությունը... Դատավոր Էդիկ Ավետիսյանը հեռացավ որոշում կայացնելու և վերադառնալով' հրապարակեց  Զարուհի Փոստանջյանի բողոքը մերժելու մասին դատարանի որոշումը: Այն կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում:

Ակնհայտ է, որ դատարանի որոշումը քաղաքական կամ ոստիկանական պատվերի արդյունք էր: 2009 թվականի հոկտեմբերի 22-ին, 29-ին և նոյեմբերի 12-ին Երևանում անցկացված' ՙԸնդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների և ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի' բողոքի խաղաղ գործողությունների ընթացքում մասնակիցների հանդեպ ոստիկանների  ապօրինություններն ու ոտնձգությունները ոչ միայն ՀՀ մայր-օրենքի' Սահմանադրության կոպիտ ոտնահարում է, այլև իր մեջ պարունակում է ՀՀ քրեական  օրենսգրքով նախատեսված արարքներ:

Այդ փաստերը, տեսանյութերը և մասնակիցների վկայություններն առկա են: Հետևաբար, ՀՀ ոչ մի ոստիկանական չին, ոչ մի դատավոր կամ պաշտոնյա ԻՐԱՎՈՒՆՔ կամ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ չունի անպատիժ ոտնահարել ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու պետության Սահմանադրությունը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի կողմից ՙԺառանգություն՚ կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության' մերժելու մասին որոշումն անպայման բողոքարկվելու է ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Վաղուց հասունացած անհրաժեշտություն է, որ պետական համապատասխան մարմինները ակնհայտ անարդարացի դատական ակտ ընդունող դատավորների վերաբերյալ օրենքով նախատեսված համարժեք գործողություններ:

 

Իսկ ՄԻԵԴ կողմից մեր երկրի դատական համակարգի սխալների և ապօրինությունների պատճառով ՀՀ-ից հօգուտ դիմումատուների պետբյուջեից վճարվող գումարները պետք է և արդարացի կլինի գանձել ոչ թե շարքային հարկատուներից, այլ անարդարացի որոշումներ կայացրած դատավորներից: