ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մնացին կոտրած տաշտակի առաջ
Դեռ 24 ժամ չի լրացել, ինչ ուժի մեջ է մտել գազի գնի նոր սակագինը, սակայն արդեն այսօր գազալցակայաններում արձանագրվել են հեղուկ գազի թանկացման դեպքեր։ Եթե երեկ մեկ բալոն գազն արժեր 1800 դրամ, այսօր այն վճառվել է 2000 դրամով։
Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշման համաձայն, յուրաքանչյուր խ/մ գազի դիմաց քաղաքացիները պետք է վճարեն ոչ թե 96, այլ 132 դրամ։
Ու թեև փորձագետները գազի գնի բարձրացմամբ են պայմանավորում մի շարք այլ ծառայությունների ու ապրանքների շղթայական թանկակում, այդուհանդերձ շարքային քաղաքացին իր կաշվի ու գրպանի վրա այդ թանկացումները մի քանի ամիս առաջ է սկսել զգալ։
Անգամ Ազգային վիճակագրական տվյալներով, մարտի վերջի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է մոտ 9 տոկոս։ Ըստ ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակված զեկույցի լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 14.8 տոկոսով։
Մինչ այդ, Կառավարությունը, 2.500 դրամով ավելացելով կենսաթոշակներն ու նպաստները, փորձել է մեղմել անապահով շերտի սոցիալական վնասները։ Սակայն պետական բյուջեից սնվող կառույցների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել նախատեսված չէ։
«Հետքի» հետ զրույցում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ Կառավարության աղքատության հաղթահարման ծրագրում' նշված է, որ գները եւ սակագները կունենան աճի կայուն տենդենց և չեն գերազանցի 3.5 տոկոսը:
«Մեր երկրում սահման կա, որից ավելի գները չպետք է աճեն: Մենք գների թանկացումն անընդհատ շարունակականության մեջ ենք տեսնում, եւ մեր սպառողն աչքը չի հասցնում բացել' սննդամթերքի թանկացում, ջրի, գազի եւ այն: Հերթական թանկացումներն են»,- ասաց Ա.Պողոսյանը:
Մինչ այդ, Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնությամբ ապրիլի 7-ին շուրջ 6 հազար համահայցվոր դատարան կներկայացնի դիմում՝ ապրիլի 1-ից գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու մասին։
Փաստաբան Վահե Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռման սկզբունքը ընդհանրապես հաշվի չի առնվել սակագինը փոխելիս։
«Առաջնայնությունը տրվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության շահերին։ Այսինքն՝ հավասարակշռում պետք է լիներ սպառողի և կարգավորվող անձի միջև։ Տվյալ դեպքում կարգավորվող անձը, ըստ էության, իր նպատակին հասավ, գները բարձրացվեցին, սակայն սպառողները մնացին նույն կոտրած տաշտակի առաջ»։
