Ընտանեկան բռնությունը Արմավիրի մարզում

2010թ. հոկտեմբերի 4-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց «Ընտանեկան բռնությունն Արմավիրում» սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է 2009 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի 1 քաղաքային եւ 10 գյուղական համայնքներում 18-75 տարեկան 302 կանանց շրջանում ստանդարտացված հարցազրույցի տեսքով՝ պահպանելով անանության սկզբունքը։ Հարցվածների 36% ավարտել է մասնագիտական դպրոց, ուսումնարան, տեխնիկում, մոտ 33%՝ 10-ամյա միջնակարգ դպրոց, շուրջ18% հաճախել կամ ավարտել է բարձրագույն ուսումնական հաստատություն։ Նրանցից 52% տնային տնտեսուհի է։

Ըստ «Ընտանեկան բռնությունն Արմավիրում» սոցիոլոգիական հարցման արդյունքի՝ «հարցվածների 11% ընկալմամբ ընտանեկան բռնություն է համարվում միայն հարվածելն ու խփելը, նրանցից 13% կարծում է, որ ընտանեկան բռնություն է սեռական հարաբերություններ պահանջելը' նույնիսկ չցանկանալու դեպքում, 3% համար դա տեղաշարժման վերահսկումն է, 78% ընտանեկան բռնություն  է համարում վերոնշյալ բոլոր կետերը»։

«Գյուղական համայնքների կանայք գտնում են, որ տեղ գնալու վերահսկումն ու ընկերների ընտրության սահմանափակումը դեռեւս կնոջ հանդեպ բռնություն չէ։ Նրանց ընկալմամբ՝ սովորական է, որ ավանդական հայ տղամարդն իրավունք ունի որոշելու կնոջ ընկերների եւ բարեկամների այն շրջանակը, որոնց հետ նա կցանկանար, որ կինը շփվի»,- ասում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հկ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Նաիրա Առաքելյանը։

Հարցվածների 68% նշել է, որ «լավ կինը միշտ ենթարկվում է իր ամուսնուն̀ նույնիսկ համաձայն չլինելու դեպքում»։ 19% կարծում է, որ «նորմալ է համարում, երբ ամուսինն արգելում է իր կնոջն աշխատել»։ Ընդ որում̀ ըստ Նաիրա Առաքելյանի, նման կարծիքներ հիմնականում հայտնում էին գյուղական համայնքների բնակիչները, որոնց մտածելակերպը, ըստ ծրագրի ղեկավարի,էականորեն տարբերվում էր քաղաքային բնակիչների մտածելակերպից։

Միայն սեռական բռնության վերաբերյալ ե՛ւ  քաղաքացիները, ե՛ւ գյուղացիները միեւնույն կարծիքի էին. 31% գտնում է, որ սեռական հարաբերությունները ամուսնական պարտականություն է։

Հարցված կանանց մեծամասնությունը ենթարկվում է հոգեբանական բռնության տարբեր տեսակների. 53% տեղաշարժը վերահսկվել է, մոտավորապես 40% հասարակական կյանքը տնից դուրս սահմանափակված է։

Սոցիոլոգիական հարցման արդյունքի համաձայն՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի գործում հարցվածների մոտ կեսը վստահում է հասարակական կազմակերպություններին, 37% ոստիկանությանը, 27% դատարաններին, իսկ 12% աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը»։

«Չնայած այս ցուցանիշներին՝ գրեթե բոլորը նշել են, որ բռնության դեպքերում չեն դիմի ոստիկանությանը»,- ասում է  Նաիրա Առաքելյանը։

Նրա խոսքերով՝ հարցվողներն ասում էին, որ հոգեբանական աշխատանք պետք է տանել ոչ միայն բռնության ենթարկվածների, այլեւ բռնացողների հետ։

Ըստ ՀՀ Ոստիկանության ներկայացուցչի՝ Ոստիկանությունը լծակներ չունի հոգեբանական բռնությունը կանխարգելելու կամ դրա դեմ պայքարելու համար, որովհետեւ չկա հոգեբանական բռնության սահմանումը եւ այն օրենսդրորեն չի կարգավորվում։

«Այսօր մենք չունենք ընտանեկան բռնության մասին առանձին օրենք, որն աշխարհի երկրների մեծ մասը շուտվանից ընդունել է։ Մենք առաջնորդվում ենք միայն Քրեական օրենսգրքով, բայց այն սահմանափակ է մարդու իրավունքների մասով եւ գործը դիտում է միայն առողջությանը հասցված վնասի տեսանկյունից։ Այնտեղ չի նշվում̀ ընտանիքու՞մ է կատարվել այդ բռնությունը, թե՞ դրսում, չի նշվում նաեւ կնո՞ջ նկատմամբ է կատարվել բռնությունը, երեխայի՞, թե՞ տղամարդու»,-  ասում է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Վարդանյանը։

Ե՛ւ Ոստիկանության, ե́ւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համաձայնեցին, որ «Ընտանեկան բռնությունների մասին» առանձին օրենք է անհրաժեշտ, որը կօգնի կանխարգելել եւ լուծել այս խնդիրը։

Հ.Գ. Ըստ ՀՀ Ոստիկանության տվյալների՝ այսօր Ոստիկանությունում մոտ 400 անհաշտ ընտանիք է հաշվառված՝ տարեկան նվազագույնը 2 դիմում-բողոքի հիման վրա։

Աննա Բարսեղյան

Աղբյուրը̀ www.hra.am