ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Բռնությունների հիմնական մեղավորները ԶԼՄ-ներն են». Երեւան-Մոսկվա տեսակամուրջ

2010 թվականի հոկտեմբերի 6-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Բռնությունը երիտասարդության միջավայրում. ինչպե՞ս կանխել հանցագործությունը» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջ։ Նպատակն էր պարզել, թե ո՞րն է երիտասարդության շրջանում հանցավորության հիմնական պատճառը, ինչպե՞ս նվազեցնել դեռահասային ագրեսիվությունը, եւ ինչ պետք է ձեռնարկեն պետությունն ու հասարակությունը լիարժեք քաղաքացիներ դաստիարակելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի «Դեռահասների եւ երիտասարդության շրջանում սառը զենքի հետ կապված բռնության եւ հանցավորության նախազգուշացման մասին» սեպտեմբերյան զեկույցի համաձայն՝ 53 երկրներից 10-29 տարիքային խմբում բռնության պատճառով մահացության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Ռուսաստանում, ամենացածրը՝ Գերմանիայում եւ Հայաստանում։
«Այս խնդիրը լուծելու համար, կարծում եմ, համակարգային մոտեցում է պետք, չի կարելի ասել, որ միայն, ասենք, պետությունն է մեղավոր սրանում։ Բռնությունը գալիս է էկրաններիից՝ ռեպորտաժներից, նորություններից, ֆիլմերից, նաեւ ինտերնետից»,- ասում է Ռուսաստանի Պետական դումայի (ՊԴ) փոխնախագահ Սվետլանա Ժուրովան։
ՊԴ-ի փոխնախագահը խնդրի լուծումը տենում է սպորտի, մշակույթի եւ կրոնի մեջ։
«Սրանք այն 3 բաներն են, որոնք մեծ դեր են խաղում երեխայի զարգացման եւ դաստիարակության գործում՝ կանխելով նրա հետագա ագրեսիվությունը եւ անհանդուրժողականությունը»,- ասում է նա։
Մոսկվա քաղաքի Ներքին գործերի Գլխավոր վարչության Քրեական հետախուզության վարչության 20-րդ բաժնի պետ Իվան Իգոշինի խոսքերով՝ «ըստ վիճակագրության՝ անչափահասների կողմից կատարված բոլոր հանցագործությունների հետեւում կանգնած են հասուն մարդիկ»։
«Չափահասներն են երեխայի ձեռքը զենք տալիս։ Երեխաներն իրենք երբեք հանցագործություն չեն կատարի, մեծերն են դրդում նրանց»,- ասում է նա։
Երեւանի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՀ նախագահին առընթեր Կալանավորների վաղաժամկետ ազատման հանձնաժողովի անդամ Հրանտ Ավանեսյանը Հայաստանում երիտասարդների շրջանում բռնության ցածր մակարդակը բացատրում է Հայաստանի մոնոէթնիկությամբ, կանանց շրջանում հանցագործությունների ցածր մակարդակը՝ հայրիշխանությամբ, իսկ երիտասարդների շրջանում՝ կրթության հեղինակության բարձր աստիճանով։
«Դիպլոմի հեղինակությունը դեռ բարձր է Հայաստանում՝ ի տարբերություն Ռուսաստանի»,- ասում է Հրանտ Ավանեսյանը։
Նա նշեց նաեւ հասարակական եւ միջազգային կազմակերպությունների դերը, որոնց ուշադրության կենտրոնում է երիտասարդությունը, եւ քրեական եւ ագրեսիվ բովանդակությամբ հեռուստատեսային հաղորդումների եւ սերիալների դեմ հասարակական շարժումը։
«Սա գրաքննություն չէ, սա ցուցադրվող սերիալների եւ հաղորդումների բովանդակության վերանայում է, որոնք կարող են բռնություն եւ ագրեսիա տարածել։ Այստեսակ հեռուստաարտադրանքի քանակի կտրուկ նվազումը տվեց իր դրական արդյունքները»,- ասում է Հրանտ Ավանեսյանը։
Էքստրեմալ իրավիճակներում իրավական եւ հոգեբանական օգնության կենտրոնի Ղեկավար Միխայիլ Վինոգրադովի կարծիքով՝ դեռահասների եւ երիտասարդության շրջանում բռնության մակարդակի բարձրացման պատճառը պետական հսկողության բացակայությունն է։
«Խորհրդային Միության ժամանակ երեխաները ներգրավված էին տարբեր գործունեություններում. նրանք հոկտեմբերիկներ, կոմսոմոլներ էին։ Երիտասարդները զբաղված էին դրական գործով, եւ, իհարկե, աղքատների եւ հարուստների միջեւ այսքան սարսափելի տարբերություն չկար։ Այսօր ընտանքն այլեւս ընտանիք չէ։ Սոցիալական ցածր մակարդակ ունեցող ընտանիքում ծնողները զբաղված են փող աշխատելով, երեխաներով չեն զբաղվում, միջին եւ բարձր եկամուտ ունեցող ընտանիքներում ծնողները դարձյալ զբաղված են փող աշխատելով եւ երեխաներին ուշադրություն չեն դարձնում. մայրը «բիզնեսվումեն» է, հայրը բանկային աշխատող, իսկ երեխան որտե՞ղ եւ ու՞մ հետ է̀ նրանք չգիտեն»,- ասում է Միխայիլ Վինոգրադովը։
Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդության քաղաքականության վարչության ծրագրերի մշակման եւ իրագործման գծով պատասխանատու Արմեն Պապյանի կարծիքով էլ հիմնականում բռնություն տարածողները ԶԼՄ-երն ու Ինտերնետն են։
«Սխալ է երիտասարդներին մեղադրել եւ ասել, որ մեր ժամանակ այլ կերպ էր,- ասում է նա,- եթե հիմա այլ կերպ է, նշանակում է՝ մեր՝ մեծահասակներիս մեղքն է»։
Աննա Բարսեղյան
Աղբյուր` www.hra.am
