Ադրբեջանը խախտում է ՄԱԿ «Խոշտանգումների դեմ կոնվենցիան» «ազգային պատկանելության խտրականության արգելման» սկզբունքի խախտմամբ

2010 թվականի հոկտեմբերի 7-ին «Արմատ» մամուլի ակումբում «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել «Այլազգիների խոշտանգումները ադրբեջանական բանտերում» թեմայով։

Քաղաքագետն ասում է, որ ադրբեջանական կալանավայրերից ստացված փաստացի նյութեր ունի, թե այնտեղ պահվում են բազմաթիվ այլազգի ներկայացուցիչներ՝ հիմնականում ավարներ եւ լեզգիներ։ Նրա խոսքերով՝ ձերբակալված այլազգիներին կտտանքների են ենթարկում, եւ նրանք 3-4 տարի հետո մահանում են։

 «Անցյալ տարի օգոստոսի 17-ին ադրբեջանական կալանավայրում մահացավ 69-ամյա թալիշ պրոֆեսոր, «Թոլիշիսեդո» («Թալիշի ձայնը») թերթի խմբագիր Նովրուզալի Մամեդովը։ Նա աշխատում էր Ադրբեջանի Ազգային ակադեմիայի Նարիմանի անվան լեզվաբանական ինստիտուտում։ Նրան մեղադրեցին պետական դավաճանության մեջ, դատապարտեցին 10 տարով այն բանի համար, որ մասնակցել էր Իրանում տեղի ունեցած թալիշագիտական կոնֆերանսին։ Դա արվեց նրա համար, որ երբեք ոչ մի տեղ չբարձրաձայնվեն Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրները», - ասում է քաղաքագետը։

Նրա խոսքերով՝  Նովրուզալի Մամեդովը  2,5 տարի անց սպանվեց բանտում։

«Ադրբեջանում ձերբակալված ավարների եւ լեզգիների նամակներ կան, որոնք պատմում են, թե ինչպես են իրենց վերաբերվում կալանավայրերում։ Նրանք տարբեր խոշտանգումների եւ կտտանքների են ենթարկվում։ Եղբայրներ Իլհամ եւ Էմին Բագաեւներին 2001 թվականին դատապարտեցին ցմահ ազատազրկման, որովհետեւ քաղաքական ցույցեր կազմակերպող ջոկատի անդամներ էին»,- ասում է նա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց նաեւ մի լեզգի տղամարդու դեպք, որը ձերբակալվել է կենսական վեճ ունենալու հիմքով, նրան ազգային պատկանելության պատճառով դատապարտել են ցմահ բանտարկության։

«Ավարներին եւ լեզգիներին հիմնականում մեղադրում են միջազգային ահաբեկչության մեջ՝ անկախ նրանից մեղք գործե՞լ են, թե՞ ոչ։ 1997 թվականին ազգությամբ ավար Նարիման Կարասկին մահացավ Ադրբեջանի բանտում. երկաթյա օղակներով ջարդել էին նրա բոլոր ոսկորները»,- ասում է քաղաքագետը։

Նրա խոսքերով՝ ադրբեջանցիները իրենց ձեռքի տակ գտնվող հայերին օգտագործում են իրենց նպատակների համար։

«Այսօր դիակ էր պետք Նուբարիզի դիակի հետ փոխանակելու համար, նրանք ստեղծեցին Սարիբեկյանի դիակը։ Վաղը պետք կլինի մի ընտանիք ցույց տալ, իբր Հայաստանից զզված փախել է Ադրբեջան, դեմոկրատիա է որոնում, կբնակեցնեն Բաքվի ինչ-որ բնակարանում եւ ցույց կտան  իրենց «տոլեռանտության» աստիճանը»,- ասում է Մելիք-Շահնազարյանը։

Մանվել Սարիբեկյանի մահվան մասին խոսելիս քաղաքագետն ասաց, որ նա երիտասարդ հովիվ  էր, որը պատահականորեն հայտնվել էր ադրբեջանական կողմում եւ արժանացել էր այն ճակատագրին, ինչ մինչեւ այդ նույն ճակատագրին արժանացած 100-ից ավել մարդիկ։

«Պետք է կազմվի միջազգային փորձագետներից կազմված մի խումբ, որը կուսումնասիրի, թե արդյոք ի՞նչ կտտանքների է ենթարկվել Սարիբեկյանը մինչեւ մահը, այն, որ նա շապիկով կախվել է, հեքիաթ է»,- կարծում է քաղաքագետը։

Աննա Բարսեղյան

Աղբյուր՝  www.hra.am