ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց տարեսկզբից մինչեւ սեպտեմբեր ամիսը ստացված դիմում-բողոքների վիճակագրական տվյալները

2010 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մամուլի ասուլիս էր հրավիրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի լրամշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի թեմաներին անդրադառնալու, ինչպես նաեւ 2010-ի տարեսկզբից մինչեւ սեպտեմբեր ամիսը ստացված դիմում-բողոքների վիճակագրական տվյալները ներկայացնելու համար:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ իր գլխավորությամբ «Հեռուստատեսության եւ Ռադիոյի մասին» ՀՀ օրենքի լրամշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը համալրվել է քաղաքացիական հասարակության ոլորտը ներկայացնող փորձագետներով։ Խմբում ընդգրկված են՝ «Երեւանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության (հկ) նախագահ Բորիս Նավասարդյանը, մամուլի աջակցության «Ինտերնյուս» հկ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» հկ-ի նախագահ Արզուման Հարությունյանը եւ «Արմենթել» ՓԲԸ-ի իրավաբանական տնօրեն Դավիթ Սանդուխչյանը։
Արմեն Հարությունյանի ներկայացրած վիճակագրությամբ՝ 01.01.2010-30.09.2010 թթ. ժամանակահատվածում ՀՀ Մարդու իրավունքնրի պաշտպանը ստացել է ավելի քան 2272 դիմում-բողոք, որոնցից 857-ը՝ գրավոր։ Պաշտպանին գրավոր դիմում-բողոքներով դիմած անձանց թիվը կազմում է 1725։ Վիճակագրության համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ անձանց կողմից գրավոր դիմում-բողոքների առաջին հնգյակում են Երեւանի քաղաքապետարանը, գյուղապետարանները, Ոստիկանությունը, Դատարանները, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
Անդրադառնալով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ Մարդու իրավունքնրի պաշտպանը նշեց, որ այն 2 շաբաթ է ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ ԺՀՄԻԳ։
«Նրանցից ստացված պատասխաններին կհամապատասխանեցնեք օրենքի վերջնական նախագիծը եւ այն կներկայացնենք հանրությանը, Խորհրդարանին, Կառավարությանը»,- ասաց Արմեն Հարությունյանը։
Ասուլիսի ընթացքում նա պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին։
«Գնահատելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը՝ իսկապե՞ս այն արդար մրցութային պայմաններ կարող է ապահովել բոլոր հեռուստաընկերությունների համար» լրագրողի հարցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց, որ «այս օրենքի հիման վրա էլ դա կարելի է անել, բայց հարցն այն է, որ օրենքն իր մեջ կատարելագործման պոտենցիալ ունի՝ հաշվի առնելով մեր իրավակիրառ պրակտիկան։ Ցանկալի կլինի այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կամային մեկնաբանությունների հնարավորությունն ավելի նվազեցնեն»։
Լրագրողի մեկ այլ «երեկ Ֆրանսիական համալսարանի դասախոսները դժգոհեցին, որ մի քանի կառույցների են ուղարկել դիմումներ՝ իրենց իրավունքների ոտնահարման հետ կապված, այդ թվում նաեւ Ձեզ, բայց Դուք իրենց դեռ չեք պատասխանել՝ հանդիսանալով հենց Ֆրանսիական համալսարանի դասախոս» հարցին Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ես Ֆրանսիական համալսարանի դասախոս չեմ, ես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն եմ եւ այնտեղ հրավիրված եմ.. Ես Երեւանի պետական համալսարանի դասախոս եմ, ինչ վերաբերում է դրան, մենք պատասխանը գրել ենք, այնպես չի, որ մենք չենք արձագանքել։ Գիտեք՝ մեր օրենքով, եթե որեւէ հարց դատարանում քննվում է, մենք դրանով այլեւս չենք զբաղվում, նրանց գործը վերցրել էինք, ուսումնասիրում էինք, բայց այդ ժամանակահատվածում նրանք դիմեցին նաեւ դատարան, եւ քանի որ դիմեցին դատարան, մենք մեր օրենքով իրավունք չունեինք արդեն այդ գործով զբաղվել, եւ այդ կապակցությամբ հետ ուղարկեցին իրենց դիմումը։ Եթե մենք մեր մասին օրենքը խախտենք, ուրիշի իրավունքներով ո՞նց կարող ենք զբաղվել»։
«Նիկոլ Փաշինյանի կյանքին սպառնացող վտանգի» հետ կապված հարցին Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց, որ «ահազանգել էին Լևոն Զուրաբյանը, հետո Գագիկ Ջհանգիրյանը, որ հստակ տեղեկատվություն ունեն, որ վտանգ է սպառնում, մենք ուղարկեցինք արագ արձագանքման խումբը, նրանք հանդիպեցին Նիկոլ Փաշինյանին, որը սկզբում զարմացավ, որ տղաները գնացել են, հետո նոր նշեց, որ տեսականորեն հնարավոր է, որ իրեն վտանգ սպառնա»։
«Հրապարակ» օրաթերթի լրագրողի հարցին, թե «ինչպես է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը վերաբերվում Ազատության հրապարակում փակ հանրահավաքները արգելելուն եւ մերժելու տարբեր պատճառաբանություններին», Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ «Եվրոպական կոնվենցիայով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանով մոտեցումը հետեւյալն է. իշխանությունը կարող է մերժել, եթե ինչ-որ պատճառներ կան, բայց պարտադիր պետք է համապատասխան վայրը լինի ոչ հեռու, մոտավորապես նույն տեղում, այս տեսակետից, եթե նրանց մերժեին ու ասեին գնացեք, ասենք, 3-րդ մասիվի զանգվածում արեք եւ այլն, դա կլիներ խախտում, բայց եթե Ազատության հրապարակի տեղը նրանց տեղ են տալիս Մատենադարանում, այս տեսակետից սա համընկում է Եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային»։
Հրապարակ օրաթերթի լրագրողի «Քաղաքական տեսանկյունից միտում չե՞ք տեսնում» հարցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց, որ «քաղաքական տեսակետից չի մեկնաբանում»։
«Ու ժամանակն է, որ դուք էլ (հեղ.՝լրագրողներն էլ) դա իմանաք, եւ քաղաքական տեսակետից տերմիններ էլ չեմ օգտագործում, ընդամենը խոսում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսակետից եւ Եվրոպական կոնվենցիայի, բայց «Հրապարակ» թերթի համար մի բացառություն կանեմ նաեւ քաղաքական տեսակետից։ Այն, ինչ կարելի է անել Ազատության հրապարակում եւ ռեզոնանս ստանալ, նույնը կարելի է անել Մատենադարանում, դրանք համաչափ տեղեր են։ Իրավական տեսակետից խախտում չեմ տեսնում, քաղաքական տեսակետից էլ նույնպես խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա։
Լրագրողներից մեկի՝ «պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը մեր երկրում, ըստ էության, չի գործում, դա արձանագրեցին նաեւ վերջերս Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի մարդու իրավունքերով զբաղվող հանձնաժողովի անդամները» դիտարկմանը Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ «այստեղ իրոք խնդիրներ ունենք, ժամանակին լուրջ խնդիր ունեինք, որ գրեթե բոլոր հոդվածներով հնարավոր էր վաղաժամկետ մարդկանց ազատել, եւ դա մեծ կոռուպցիոն ռիսկեր ուներ, եւ ինքը ճիշտ է գտնում, որ որոշեցին մեխանիզմը փոխել, բայց, ցավոք, մեխանիզմը այնպես փոխվեց, որ եթե առաջ, ըստ էության, բոլորը դրա հնարավորությունն ունեին, հիմա էլ գրեթե որեւէ մեկը դրա հնարավորությունը չունի»։
Նա նշեց նաեւ, որ «իրենք իրենց դժգոհությունը արտահայտել են նրանով, որ մոտ 7-8 ամիս է՝ փաստացիորեն չեն մասնակցում այդ հանձնաժողովների գործունեությանը»։
«Սա է պատճառներից մեկը, որ բանտերն իրոք լեփ-լեցուն են, եւ կան խուցեր, որտեղ 5-6 հոգու տեղը 8-9 հոգի են։ Մյուս պատճառն էլ այն է, որ շատ են կիրառում կալանքը որպես խափանման միջոց։ Մեզ մոտ 90 տոկսի դեպքում կալանք է օգտագործվում որպես խափանման միջոց»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Լրագրողի «ո՞րն է պատճառը, որ բանակում վերջին շրջանում հաճախակի են դարձել մահվան դեպքերը» հարցին Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ «բանակը հասարակությունից դուրս չի գործում, բանակը կոնցենտրացված հայելին է մեր հասարակության։ Ինչ հասարակությունում կա դրական եւ բացասական, դա կոնցենտրացված է բանակում։ Եթե հասարակությունում ինչ-որ խնդիրներ ունենք, դրանք չեն կարող չլինել բանակում, այսինքն՝ գլոբալ պետք է նայենք»։
«Անձամբ դուք վերջին անգամ ե՞րբ եք եղել զորամասերում» հարցին նա պատասխենց, որ «զորամասերում անձամբ ինքը մի քանի ամիս չի եղել, բայց իրենց աշխատողները մշտապես լինում են։ Գրաֆիկ ունեն, որով այցելում են, դրանից բացի՝ եթե ահազանգ են ունենում, դրա հիման վրա արագ արձագանքման խումբը այցելում է»։
«Իսկ ինքնասպանության դեպքերը կասկած չե՞ն առաջացնում» հարցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց.
«Գիտեք ինչ, կասկած էլ են առաջացնում, բայց չենք էլ կարող կողմնորոշվել, որովհետեւ մի դեպքում կարող է հիմնավորվի կասկածը, մյուս դեպքում, պարզվի, որ պայմաններն այնպիսին էին, որ մարդը իրոք ինքնասպանություն է գործել, այնուամենայնիվ պետք է թողնել, որ պատկան մարմինները զբաղվեն»։
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ http://hra.am
