ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեխաների որդեգրում և թրաֆիքինգ. Հայաստանում իրավիճակը վերահսկվում է

Հոկտեմբերի 12-ին Հայաստանում որդեգրման և երեխաների թրաֆիքինգի խնդիրներն էին քննարկում ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հացերի նախարարությունների, «People in Need» կազմակերպության ներկայացուցիչներն ու լրագրողները։
Քննարկումը կազմակերպվել էր «Տեղեկացվածության բարձրացման և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով ՀՀ–ում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան գրասենյակի, «Հույս և օգնություն» հկ–ի և Հայ օգնության միության կողմից։
«Որդեգրման միջոցով երեխային այլ նպատակներով շահագործելը թրաֆիքինգի դրևորումներից մեկն է, որը աշխարհում տարածված երևույթ է։ Հայաստանում, բարեբախտաբար, նման դեպքեր չեն գրանցվել։ Մենք ունենք խնդիրներ որդեգրման նպատակներով երեխայի առքուվաճառքի հետ կապված, որը քրեական հանցագործություն է, և ունենք զարտուղի ճանապարհներով որդեգրումն ավելի հեշտացնելու երևույթի հետ կապված խնդիրներ»,– ասում է Արտաքին գործերի նախարարության խորհրդական, թրաֆիքինգի հարցերով խորհրդի արձագանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը։ Նրա խոսքերով՝ երեխաների թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունների աճ չի գրանցվել, ինչը նշանակում է, որ աշխատանքներ են տարվում կանխարգելման ուղղությամբ։
«Եթե մենք Հայաստանում չունենք որդեգրման միջոցով երեխայի շահագործման խնդիր, չի նշանակում՝ պետք է հանգիստ նստել, չխոսել դրա մասին և ասել, որ այդ խնդիրները, որ աշխարհում գոյություն ունեն, մեզ չեն սպառնում»,– կարծում է իրազեկման միջոցով երեխաների թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ծրագրի համակարգող Տաթևիկ Բեժանյանը։ Ըստ նրա՝ այս քննարկումը հասարակությանը խնդրի մասին տեղեկացնելու քայլերից մեկն է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Ելենա Հայրապետյանը ներկայացրեց Հայաստանում երեխաների որդեգրման կարգը և պայմանները։
Հայաստանում որդեգրումն իրականացվում է կենտրոնացված կարգով։ Հաշվառվում են որդեգրման ենթակա և որդեգրված երեխաները, որդեգրել ցանկացող և որդեգրող անձինք։ Որդեգրելիս նախապատվությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին։ Օտարերկրացիներին ներկայացվում է որդեգրման ենթական այն երեխաների ցանկը, որոնց ՀՀ քաղաքացիները ցանկություն չեն հայտնել որդեգրել։
Ելենա Հայրապետյանի ներկայացրած տվյալներով՝ այս պահին որդեգրման ենթակա 90 երեխա կա, որոնցից 20–ը շուտով կդառնան չափահաս և դուրս կգան ցուցակից։ Դրանցից 15-ը լիովին առողջ երեխաներ են, իսկ մնացածը առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ Միաժամանակ գրանցված են 200 որդեգրել ցանկացող անձինք։
Ըստ Ե. Հայրապետյանի՝ ներկայումս որդեգրման մասին որոշումը կայացնում է դատարանը, ինչը թղթարարություն պահանջող երկար գործընթաց է։ Նրա տվյալներով՝ 2008-ին որդեգրման 120 դեպք է եղել, 2009-ին՝ 87։ 2010 թ. առաջին կիսամյակում արդեն կա որդեգրման մասին դատարանի 50 վճիռ։
Իսկ ինչպե՞ս է վերահսկվում երեխաների հետագա ճակատագիրը որդեգրումից հետո։ Երեխաների հիմնահարցերի վարչության պետի խոսքերով՝ հետորդեգրման շրջանում երեխայի խնամքի վերահսկողություն անմիջականորեն չի իրականացվում, որովհետև որդեգրողը և որդեգրվողը ստանում են երեխա–ծնող կարգավիճակ, իսկ օրենքը արգելում խառնվել կամ միջամտել այլ անձանց կյանքին կամ փոխհարաբերություններին։ Ուստիև վերահսկողությունը ավելի շատ կրում է միջնորդավորված բնույթ։ Տեղեկատվությունը ստանում են բուժհաստատություններից, դպրոցից, մանկապարտեզից և այլ կառույցներից։
Իսկ օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրված երեխաների հետագա ճակատագիրը վերահսկվում է հայկական դեսպանատների, միջազգային կառույցների միջոցով։ Ըստ Ե. Հայրապետյանի՝ որդեգրող օտարերկրյա քաղաքացիները հիմնականում ազգությամբ հայ են լինում, և հայկական համայնքի ու եկեղեցու միջոցով անուղղակի վերահսկողություն լինում է։
Նա նաև նշում է, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրված երեխաները հիմնականում առողջական խնդիրներ ունեցող երեխաներն են, որոնց արտասահմանում բժշկական անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում որդեգրած ծնողների շնորհիվ։
Թրաֆիքինգի հարցերով խորհրդի արձագանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը հավաստիացնում է, որ թրաֆիքինգի չբացահայտված դեպքերը շատ փոքր տոկոս են կազմում. «Դա երկու գործոնով է պայմանավորված՝ երկրի փոքր լինելը, մարդկանց՝ իրար հետ շփվելու և իրար լավ ճանաչելու հանգամանքը։ Գործոններ, որոնք մի կողմից խոչընդոտում են զոհերի վերաինտեգրմանը, մյուս կողմից՝ օգնում են ինֆորմացիայի տարածմանը, սա էլ իր հերթին օգնում է դեպքերի բացահայտմանը»։
Նրա խոսքերով՝ թրաֆիքինգը Հայաստանում կազմակերպված հանցավորության մեծ ցանց չէ. «Մեզ մոտ 2-3, առավելագույնը՝ 4 օղակից վերջանում է։ Եվ մեր պարագայում միջին օղակները հիմնականում զոհերի բարեկամներն ու հարազատներն են, նրանց մոտ վստահություն վայելող մարդիկ, ովքեր օգտվում են այդ հանգամանքից և խաբեությամբ հավաքագրում են զոհերին և տանում շահագործելու։ Դա են ցույց տալիս բացահայտված դեպքերը»։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
