ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը բարեկեցիկ ծերություն ապահովելու միջոց է»
2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչը։ Այս մասին այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովման վարչության պետ Սմբատ Սաիյանը։
Պարտադիր կուտակային բաղադրիչի առանձնահատկությունն այն է, որ անձն ինքն է իր աշխատանքով կանխորոշում իր հետագա կենսաթոշակի չափը։ «Աշխատող քաղաքացին իր աշխատանքային գործունեության ընթացքում կատարում է որոշակի մուծումներ։ Այդ մուծումներն արտացոլվում են անձի անհատական հաշվի վրա, գումարները ներդրվում են կենսաթոշակային ֆոնդերում, վերածվում են կենսաթոշակային փայերի եւ դրանց կառավարումից ստացված միջոցները եւս հաշվեգրվում են անձնական հաշվում։ Անձը կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո իր ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում կուտակած գումարը կարող է տնօրինել որպես կենսաթոշակ»,- բացատրում է Սմբատ Սաիյանը։
Նրա խոսքերով՝ նախատեսվում է նաեւ պետության ուղղակի ֆինանսական պարտավորությունը քաղաքացիների վճարած կուտակային վճարների նկատմամբ քաղաքացու կատարած կուտակային վճարներ ճշտված գնաճով։
«Այսօրվա իմ վճարած 5000 դրամ կուտակային վճարը, բնականաբար, 30 տարի հետո կունենա այլ գնողականություն, այլ արժեք։ Դա նկատի ունենալով՝ օրենքում համապատասխան կետ է ամրագրվել, որի համաձայն քաղաքացու կատարած վճարների իրական արժեքի 80% երաշխավորվում է պետական բյուջեի հաշվին, իսկ մնացած 20% երաշխավորելու համար ստեղծվում է հատուկ երաշխիքային հիմնադրամ, որի գործունեության սկզբունքները մոտավորապես այն են, ինչ մեր ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամի պարագայում»,-ասում է Սմբատ Սիայանը։
Կենսաթոշակների բարեփոխման փաթեթը նախատեսում է նաեւ կամավոր կենսաթոշակային ապահովագրության բաղադրիչի ներդրումը։ Այն նախատեսվում է ներդնել 2011 թվականի հունվարի 1-ից։
«Վարձու աշխատողները եւ մնացած քաղաքացիները կարող են իրենց համար ձեռք բերել կամավոր կենսաթոշակային ապահովագրություն։ Կամավոր կենսաթոշակային ապահովագրության համակարգին պետությունը ուղղակի որեւէ երաշխիք չի տալիս։ Անձն այդ որոշումը կայացնում է իր ռիսկով»,- ասում է Կենսաթոշակային ապահովման վարչության պետը։
Նրա խոսքերով՝ համակարգի ներդրումը խրախուսելու համար պետության կողմից նախատեսվում են շահութահարկի մասով արտոնություններ վճարած կամավոր կենսաթոշակային վճարների եռապատիկի չափով այն գործատուների նկատմամբ, ովքեր իրենց վարձու աշխատողների համար ձեռք կբերեն կամավոր կենսաթոշակային ապահովագրություն։
Միեւնույն ժամանակ կենսաթոշակային ապահովագրությանը կատարած հատկացումների չափով կնվազեցվի նաեւ այն ֆիզիկական անձանց հարկային բազան, ովքեր պատրաստակամություն կհայտնեն ընդգրկվել կամավոր կենսաթոշակային ապահովագրության համակարգում։
«Սա բարեկեցիկ ծերություն ապահովելու միջոց է»,- ասում է Սմբատ Սաիյանը։
Կենսաթոշակի կուտակման ընթացքում մահվան դեպքերում այդ միջոցները կմտնեն ժառանգության զանգվածի մեջ։
Անձի սեփականություն համարվող կուտակված միջոցները, սակայն, անձը չի կարող տնօրինել կամ պահանջել մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնելը, քանի որ,ըստ Կենսաթոշակային ապահովման վարչության պետի, այն միտված է անձի կենսաթոշակային ապահովության հիմնախնդրի լուծմանը։
Այդուամենայնիվ կան որոշակի պայմաններ, երբ անձը կարող է օգտագործել իր կուտակած միջոցները։ Դրանք են, օրինակ, հիվանդությունները, որոնց ժամանակ թանկարժեք վիրահատություն է անհրաժեշտ։
Հ.Գ. Սմբատ Սաիյանի խոսքերով՝ 2010 թվականի նոյեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը կավելանա 2500 դրամով։ Հերթական բարձրացումը նախատեսվում է 2013 թվականին։
Աննա Բարսեղյան
Աղբյուրը՝ www.hra.am
