ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«ԻՆՉՊԻՍԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է, ԱՅՆՊԻՍԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆ Է»

«Մանկավարժը պետք է շատ բազմազան գործիքներ ունենա ձեռքի տակ, իմանա որ տեսակ երեխայի հետ ինչպես աշխատի, ինչպես կառավարի։ Այս հատկություններով է նա մանկավարժ»,- այս կարծիքին է ԱԺ պատգամավոր, մանկավարժ և դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանը։
Նրա կարծիքով, մանկավարժական համալսարանը, որպես մանկավարժներ պատրաստող բուհ, չի կատարում իր առաքելությունը և «պիտի փակվի»։
Հոկտեմբերի 19-ին «Դե ֆակտո» մամուլի ակումբում Անահիտ Բախշյանը և հոգեվերլուծաբան Ռուբեն Պողոսյանը խոսում էին ուսուցիչների կողմից աշակերտների նկատմամբ կիրառվող բռնության մասին։ Երկու հյուրերն էլ դրական են համարում այն, որ աշակերտները նկարահանում են և հրապարակում բռնության տեսարանները։ Ըստ նրանց՝ դա սեփական իրավունքների գիտակցության և պաշտպանության դրսևորում է, դեպի քաղաքացիական հասարակությունը տանող քայլ։
Ա.Բախշյանի խոսքերով՝ դպրոցում պետք է աշխատեն մանկավարժներ, ովքեր գնահատում են երեխայի արժանապատվությունը և չեն փորձում նսեմացնել նրան։ Նրա համոզմամբ՝ ուսուցիչը երեխայի կրթական իրավունքը իրացնողն է, նա ծառայություն է մատուցում և պետք է իր սպառողին «փշի-փշի» անի՝ նրան գոհացնելու և վստահություն ձեռքբերելու համար։ Մանկավարժը կարծում է, որ «յուրաքանչյուր երեխա հրաշալի պրովոկատոր է և կարող է ուսուցչին հունից հանել», բայց մանկավարժը չպետք է տրվի պրովոկացիային։
Հոգեբան և հոգեվերլուծաբան Ռ. Պողոսյանի խոսքերով՝ 12 տարիների ընթացքում ուսուցիչը մասնակցում է երեխայի անձի կերտման գործընթացին։
«Կարևորագույն խնդիրը այստեղ գիտելիք տալը չէ, գիտելիքը, ի վերջո, կարելի է ձեռք բերել ինչ-որ ձևով, դաստիարակությունն է կարևորը։ Դպրոցը մանկավարժի համար պիտի լինի լաբորատորիա, որտեղ նա մարդ է կերտում։ Դրա համար պետք է մանկավարժն ունենա ոչ միայն գիտելիքային, այլև անձնային պատրաստվածություն»,- ասում է հոգեբանը՝ ավելացնելով, որ մեր մանկավարժները հաճախ չեն հասկանում երեխայի տարիքային առանձնահատկությունները։
Ըստ նրա՝ դեռահասությունը շատ խոցելի տարիք է։ Երբ երեխան անկարգություններ է անում, դա բողոքի արտահայտման ձև է, ուրեմն ուսուցիչը ասել կամ արել է մի բան, որը դուր չի եկել իրեն։
Ռ.Պողոսյանը կարծում է, որ մինչ բուհ ընդունվելը, մանկավարժ դառնալ ցանկացողները պետք է անցնեն թեստավորում, պետք է ստուգվեն նրանց անձնային որակները. «Թե չէ այսօր մանկավարժ են դառնում նրանք, ովքեր ոչ մի տեղ չեն կարողացել ընդունվել»։
Ըստ Անահիտ Բախշյանի՝ «կադրերի ընտրության հարցում առաջին պատասխանատուն տնօրենն է»։ Նրա պարտականությունների մեջ է մտնում ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կազմակերպելը՝ ըստ կարիքների և նոր մեթոդներով մատակարարելը։
«Պատկան մարմինները շատ չխորացան երևույթի մեջ և փորձեցին ուսուցչին աշխատանքից ազատելով փակել, շրջանցել թեման։ Վախեցան, որ սա շղթայաձև ռեակցիայի նման գնալու է, հասնելու է վերև։ Ինչպիսին համակարգն է, այնպիսին էլ ուսուցիչն է, մանկավարժն է»,- կարծում է Ա.Բախշյանը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
