Աղանդների թիրախը անապահով և խոցելի խավն է

Նոյեմբերի 10-ին Նովոստի-Արմենիա միջազգային լրատվական գործակալությունում կայացավ Երևան-Թբիլիսի-Մոսկվա-Կիև տեսակամուրջ՝ «Աղանդները հետխորհրդային տարածքում՝ վտանգի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով։

Յուրաքանչյուր երկրի փորձագետ ներկայացրեց իր երկրում աղանդավորական շարժումների կամ կազմակերպությունների գործունեությունը։
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ աղանդները Հայաստանում շատացել են և մեծ վտանգ են ներկայացնում։ Ըստ Ամարյանի ներկայացրած տվյալների՝ Հայաստանում մոտ 368 հազար աղանդավոր կա, որից 100.000-ը՝ քայքայիչ աղանդների հետևորդ են։
Նրա խոսքերով՝ աղանդները Հայաստան են գալիս հիմնականում եվրոպական երկրներից։ Մարդկանց գայթակղելու համար հոգեորսները կիրառում են տարբեր տեխնոլոգիաներ՝ հոգեբանականից մինչև տեխնիկական։

Ռուս պրոֆեսոր Ալեքսանդր Դվորկինը, ով ղեկավարում է Հանուն սուրբ մարտիրոս Իրինեյ Լիոնսկու կրոնագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, նշում է, որ քայքայիչ աղանդները վտանգավոր են ցանկացած երկրի համար։ Դրանց վտանգավորությունը իրենք ուսումնասիրում և դիտարկում են երեք մակարդակով՝ ինչպիսի ազդեցություն ունի մարդու կամ ընտանիքի, հասարակության և պետության համար։
Դվորկինի խոսքերով՝ ՌԴ պատկերը մի փոքր այլ է։ Այստեղ վերջին ժամանակաշրջանում շատացել են «տեղական ծագման» աղանդավորական շարժումները։ Կրոնագիտական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահի ներկայացրած տվյալներով՝ Ռուսաստանում 600-800 հազար աղանդավոր կա և աղանդավորական հիմնական 18 շարժումներ։
Վրաստանը ներկայացնող Կախավեր Կուտանիձեն նշեց, որ իրենց երկրում աղանդները հիմնականում արևմուտքին են ներթափանցել և մեծ վտանգ չեն ներկայացնում իրենցից այն առումով, որ չեն ազդում հասարակական կարգի պահպանման վրա և չեն վնասում մարդկանց առողջությանը։ Կուտանիձեի կարծիքով՝ Վրաստանում ավելի շատ կարիք կա աղանդավորների իրավունքները պաշտպանելու, քան թե աղանդներից պաշտպանվելու։
Նույն երկիրը ներկայացնող «Սամեպո գվիրգվինի» շարժման առաջնորդ Իյա Բագրատիոնի-Մուխրանելին կարծիք հայտնեց, որ աղանդները մեծ վտանգ են ներկայացնում բոլոր պետությունների համար և պետք է դրանց դեմ պետական մակարդակով պայքարել։ Նրա համոզմամբ՝ աղանդավորական շարժումների և կազմակերպությունների միջոցով պայքար է մղվում քրիստոնեության և քրիստոնեական երկրների դեմ, որին պետք է պետական մակարդակով համարժեք պատասխան տրվի։
Ալեքսանդր Ամարյանը տեսակետ հայտնեց, որ եվրոպական երկրները աղանդավորական շարժումները օգտագործում են ԱՊՀ տարածքում քաղաքական նպատակներով։ ՀՀ իշխանությունները, ըստ Ամարյանի, կազմակերպված պայքար չեն մղում աղանդավորության դեմ։ Մի կողմից օրենսդրությունն է անկատար, մյուս կողմից փորձագետը ենթադրում է, որ որոշ իշխանավորների դա ձեռնտու չէ, քանի որ այդ կազմակերպություների միջոցով մեծ գումարներ են շրջանառվում։ Ամարյանի խոսքերով՝ մյուս պատճառն էլ այն է, որ կուսակցությունները համագործակցում են աղանդավորական կազմակերպությունների հետ ընտրությունների ժամանակ իրենց օգտին քվեներ ապահովելով և այդ երևույթը կա ԱՊՀ բոլոր երկրներում։
Աղանդների քանակի վերաբերյալ վիճակագրություն Ուկրաինայում չկա, քանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս աղանդներին գործել՝ առանց գրանցվելու, նշեց Ուկրաինայի «Պաշտամունքներ և հասարակություն» համաուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Վալերի Չաբանենկոն՝ միաժամանակ տեսակետ հայտնելով, որ ոչ ավանդական կրոնական կազմակերպությունները իրենց երկրում բնակչության ընդհանուր թվի մեկ տոկոսից էլ քիչ են։ Նրա համոզմամբ՝ իրենց երկիրը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, քան աղանդների դեմ պայքարը, և կարծում է, որ դա ավելի շատ եկեղեցու խնդիրն է։
Ուկրաինացի հոգեբան, քրեագետ Յուրի Իրխինի դիտարկմամբ, աղանդները գոյություն կունենան այնքան ժամանակ, քանի դեռ դրանց հիմքում դրված են մարդկանց գայթակղելու հոգեբանական հզոր մեթոդները և տեխնոլոգիաները։
Ռուս հոգեբան Ալինա Վինոգրադովան տեսակետ հայտնեց, որ մարդիկ հեշտությամբ են ընկնում աղանդավորական շարժումների ծուղակը հիմնականում այն ժամանակ, երբ գտնվում են սթրեսային վիճակում, երբ ունեն բազմաթիվ սոցիալ-տնտեսական և հոգեբանական խնդիրներ։
Ալեքսանդր Ամարյանը, խոսելով աղանդների մեջ մարդկանց ներգրավելու հայաստանյան տեխնոլոգիաներից, ասաց, որ դրանք նույնն են, ինչ ամբողջ աշխարհում։ Օգտվելով մարդկանց հոգեբանական կամ սոցիալական խոցելի վիճակից՝ ինչ-ինչ անվճար ծառայություններ, օգնություններ առաջարկելով մարդկանց գայթակզում են և խաբեությամբ ներգրավում շարժման մեջ։ Հետո գործի են դնում տարբեր տեխնոլոգիաներ և մարդկանց կոտրելով կամ հոգեբանական կախում առաջացնելով պահում աղանդավորական շարժման մեջ։
Ըստ հայ փորձագետի՝ Հայաստանում աղանդավորական շարժման դեմ պայքարում երկու կարևոր խնդիր կա։ Չկան աղանդավորական-կրոնական ոլորտում մասնագիտացած հոգեբաններ և այդ խնդիրներով զբաղվող լուրջ կազմակերպություններ։ Ամարյանի խոսքերով՝ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոնը» իր տեսակի մեջ միակն է։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am