Նոր տարին կդիմավորենք եվրոպական գներով և «ոչ եվրոպական» աշխատավարձով

Մոտենում է Ամանորը, և ինչպես ամեն տարի, աստիճանաբար սկսում են թանկանալ սննդամթերքը, տոնական զարդարանքի պարագաները և այդ շրջանում լայն սպառում ունեցող մյուս ապրանքները։

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, դեկտեմբերի 7-ին տված ասուլիսում նշեց, որ բացի շինանյութերից և էլեկտրոապրանքներից, որոնք այս շրջանում մեծ պահանջարկ չունեն, ամեն ինչ թանկացել է 10-15 տոկոսով, և նա կանխատեսում է, որ գները շատ ավելի կբարձրանան դեկտեմբերի վերջերին։

Ըստ Մ.Հակոբյանի՝ բոլոր քաղաքակիրթ երկրներում Ամանորից առաջ լայն սպառման ապրանքների գներն իջեցվում են, քանի որ այդ օրերին ստացած շահույթը թույլ է տալիս արտադրողին զեղչեր անելով հաճոյանալ իր սպառողներին: Իսկ Հայաստանում հակառակն է՝ բիզնեսմենները տարվում են մեծ շահույթներ ստանալու մոլուցքով և մինչև վերջին գրոշը «քամում են» մարդկանց։

Մեզ մոտ սիրում են անընդհատ օրինակ բերել Եվրոպան, եվրոպական չափանիշները։ «Իսկ մեր աշխատավարձը եվրոպակա՞ն է»,- հարցնում է Մ.Հակոբյանը։ Նա կարծում է, որ պետությունը պետք է վարի գնաճի զսպման քաղաքականություն, ինչը նրա լիազորությունների և պարտականությունների շրջանակում է։

Թանկացումների դեմ պայքարելու համար սպառողների ասոցիացիայի նախագահը խորհուրդ է տալիս ամեն ինչից քիչ գնել, որովհետև, միևնույն է, գնածի մեծ մասը հայտնվում է աղբարկղում։

Խոսելով կաթնամթերքի շուկայում վերջերս հայտնաբերված խախտումների մասին' Սպառողների ասոցիացիայի մոնիտորինգի և մարկետինգի բաժնի պետ Ֆրունզե Հայաթյանը պարզաբանեց, որ պանրի արտադրության մեջ կաթի փոշի օգտագործելը խախտում չի կարող համարվել, այլ հարց է այն, որ դա պետք է անպայման մակնշվի պիտակի վրա։

ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատոր փորձարկումների կենտրոնի ղեկավար Հրաչ Պողոսյանը այլ խնդիր է բարձրացնում։ Ըստ նրա, մենք ունենք պանիր արտադրող 150-ից ավելի ընկերություններ,  բայց չունենք պանիր պատրաստող որակավորված մասնագետներ կամ որևէ հաստատություն, որտեղ կպատրաստեն պանրագործ վարպետներ։ Իսկ ինչ վերաբերում է կաթի փոշիով պանիր պատրաստելուն, ըստ Պողոսյանի, ոչ մի մասնագետ չոր կաթով պանիր չի պատրաստի, որովհետև այդպես ավելի դժվար է ընթանում մակարդումը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե որոշ ձեռնարկություններում կաթնամթերքի արտադրության մեջ պահպանման ժամկետը երկարացնելու համար օգտագործում են առողջության համար վնասակար նյութեր, մասնավորապես օսլա և կայունացուցիչներ, Մելիտա Հակոբյանը նշեց, որ կաթնամթերքի արտադրության մեջ օսլա կարելի է օգտագործել միայն յոգուրտի մեջ։

Նա թվարկեց կաթնամթերք արտադրող 4 ընկերությունների անունները, որոնք նորմալ արտադրանք են տալիս, բայց խուսափեց նշել այն ընկերությունների անունները, որոնք անբարեխիղճ են։ Միայն խորհուրդ տվեց մեկ կաթիլ յոդ կաթեցնել մածունի կամ թթվասերի մեջ, եթե կապտեց, ուրեմն օսլա կա։

Իսկ Սպառողների ասոցիացիայի մարկետինգի բաժնի պետ Ֆրունզե Հայաթյանը նշեց, որ «Մարիաննա» և «Բիոկաթ» ապրանքանիշերի վրա մակնշումը սխալ է, ինչը արդեն խախտում է և կասկածի տեղիք է տալիս։

Մելիտա Հակոբյանը կոչ արեց չվստահել և չգնել անհայտ ծագման հրուշակեղեն։ Նրա դիտարկմամբ՝ շուկայի 40 տոկոսը տնայնագործ և առանց մակնշման խմորեղեններ, կոնֆետներ ու շոկոլադներ են, որոնք կարող են թունավորումների պատճառ դառնալ։

Մերի Ալեքսանյան

Աղբյուր՝ www.hra.am