ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կոռուպցիայի դեմ պայքար չկա

Թրանսփերենսի ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր' դեկտեմբերի 16-ին, Սարդարապատ շարժման կազմակերպած քննարկման ժամանակ ասել է, որ կոռուպցիան ուղղակի կերպով անհնար է չափել, իսկ գնահատել կարելի է դրա թողած էֆեկտներով: Կոռուպցիոն դեպքերի գրանցված քանակը կամ բացահայտված դեպքերի քանակը նույնպես ընդունելի չափման միավորներ չեն: Համաշխարհային պրակտիկայում կոռուպցիայի չափման երկու տարբերակ կա' ընկալում և ինչ էֆեկտ կարող է թողնել, այդ թվում տնտեսական, քաղաքական, սոցիալական, բարոյական: Այս մեթոդներն էլ 100 տոկոսանոց չեն, սակայն մոտ են իրական թվին:
Հոկտանյանի խոսքով, կոռուպցիան չափում են համաթվերով' 0-10 սանդղակով, որտեղ 0-ն ամենակոռումպացված երկրներն են, իսկ 10-ը' ոչ կոռումպացվածները: 2003-2007 թթ Հայաստանի ցուցանիշը 3 է եղել: Սա նշանակում է, որ Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում: Հաջորդ տարիներին այդ թիվը էլ ավելի է վատթարացել' կազմելով 2.6:
Չափման մյուս միավորն էլ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրն է, որը հիմնված է շարքային քաղաքացիների ընկալման վրա: Գնահատվում է 1-5 սանդղակով, որտեղ 1-ը բացարձակ չկոռումպացվածն է: Անցյալ տարի ներառվել է 6 ոլորտ, իսկ այս տարի' 11: Բացի լրատվամիջոցների ոլորտից, մնացածները հետընթաց են արձանագրել: Հայաստանում առավել կոռումպացված է ընկալվում կրթությունը: Ոչ մի այլ երկրում այդպիսի ցուցանիշ չի գրանցվել, ասում է Հոկտանյանը, ավելացնելով, որ կրթության համակարգի կոռումպացվածության ցուցանիշը Հայաստանում 4.6 է 5 հնարավորից:
Հայաստանի բնակչության 85 տոկոսի կարծիքով, Հայաստանում կոռուպցիայի մակարդակը վերջին տարիներին նույնն է մնացել կամ ավելի է վատթարացել, իսկ 53 տոկոսն էլ կարծում է, որ կառավարությունը չի պայքարում կոռուպցիայի դեմ:
Վարուժան Հոկտանյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի 3 հիմնական գործիքները' բացահայտում, կանխարգելում և հանրային աջակցություն, Հայաստանում չեն աշխատում:
Աղբյուր' www.lragir.am
