Սփյուռքի նախարարը ամփոփեց 2010 թվականը

2010թ գործունեության մասին ամփոփիչ հաշվետվությամբ դեկտեմբերի 23-ին ասուլիս էր հրավիրել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Ներկայացնելով ընթացիկ տարում կատարված աշխատանքները՝ 2010թ նա բնորոշեց որպես «Սփյուռքի հիմնախնդիրներին անդրադարձի, հաստատման, վստահության ավելացման տարի»։
Կառավարությունը որդեգրել է հայրենադարձության խթանման քաղաքականություն, և այդ ուղղությամբ տարբեր ծրագրեր են իրականացվում։
«Խոսվում է Սփյուռքի մեր հայրենակիցների համար արտոնություններ սահմանելու և դրանք օրենսդրությամբ ամրագրելու մասին, ի՞նչ արտոնությունների մասին է խոսքը»,- www.hra.am-ի հարցին Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Այստեղ հիմնականում ինտեգրման հետ կապված հիմնահարցերն են, երեխաների կրթության կազմակերպման խնդիրն է, լեզվի ուսուցման հարցը ոչ միայն երեխաներին, այլև այն բոլոր մարդկանց, ովքեր գալիս են և լեզու չգիտեն։ Առողջապահության ոլորտում արտոնություններ սահմանելը, որ բժշկական օգնությունը և սպասարկումը պետական պատվերի շրջանակներում լինի։ Վարկեր վերցնելը, մենք պետք է օգնենք, որ նրանք անպայման հիփոթեկային վարկեր ստանան և բնակարան կառուցեն։ Սկզբնական շրջանում որոշակի ծածկ տրամադրել, որտեղ մարդիկ կկարողանան ապրել մինչև բնակարան կառուցեն կամ գնեն։ Հողատարածքների տրամադրում մշակելու կամ այլ նպատակով և այլն»։
Հետաքրքիր է, որ մի կողմից կառավարությունը հայրենադարձության խթանման ծրագրեր է մշակում, ինչը անհրաժեշտ է և ողջունելի, մյուս կողմից գործուն միջոցներ չի կիրառում Հայաստանից արտագաղթը կրճատելու ուղղությամբ։ Հայրենադարձների միջոցով դեմոգրաֆիական խնդիր լուծելը առայժմ մեծ հույսեր չի ներշնչում։ Եթե Հայաստանից անվերադարձ մեկնողների թիվը 2010 թվականին գերազանցել է 61.000-ը, ապա հայրենադարձները ընդամենը 109-ն են։
Օգտվելով առիթից, www.hra.am-ը Հրանուշ Հակոբյանին հարց ուղղեց նաև մարդու իրավունքների պաշտպանվածության իրավիճակի վերաբերյալ։ 2010թ.-ին, ըստ Սփյուռքի նախարարի, իրավիճակի բարելավվումը ակնհայտ է. «Օրենսդրական լուրջ փոփոխություններ տեղի ունեցան քրեական օրենսգրքում, վարչական օրենսգրքում, ստեղծվեց նոր վարչական դատական մարմին։ Կարծում եմ, որ համեմատաբար ավելի ազատականացվեցին մեր թերթերը, հեռուստաընկերությունները։ Ավելի կայացավ քաղաքացիական ինստիտուտը, հասարակական կառույցներն առավել ակտիվ են, հատկապես կանանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունները։ Շատ ակտիվ են աշխատում մեր մամուլի ակումբները։ Լրատվական ծառայությունները գնալով շատանում են, սա ևս խոսում է դրա մասին»,- ասաց նա։
Իսկ թերություններից տիկին Հակոբյանն առանձնացրեց դատական և պետական համակարգում տիրող կոռուպցիան։ «Ես կարծում եմ դեռ դատական համակարգում շատ անելիքներ կան։ Ես գտնում եմ, որ մարդիկ եթե դիմում են դատարան, պետք է համոզված լինեն, որ դատարանը միակ արդարադատություն իրականացնող մարմինն է և դա այդպես էլ պետք է լինի։ Ես կարծում եմ, որ պետք է կտրել բոլոր այն չինովնիկների ձեռքերը, ովքեր ձեռք են մեկնում պետական բյուջեին, բոլոր նրանք, ովքեր կաշառակերության, կոռուպցիայի հետ կապված անվանարկվել են, նրանք պետք է պատասխան տան, որևէ մեկը չպետք է իր արարքի համար անպատասխան մնա»,- նշեց Հ.Հակոբյանը՝ հավելելով, որ կոռուպցիան թալանում է պետբյուջեն և աղքատացնում հասարակությանը, իսկ «աղքատ հասարակության մեջ մարդու իրավունքների պաշտպանությունը դժվարանում է»։
Նախարարը համոզված է, որ մեր հասարակությունը իրավական գիտակցության և իրավական մշակույթի պակաս ունի։ «Մարդուն հաճախ խաբում են, որովհետև նա չգիտի իր իրավունքները։ Եթե նա իմանա, նա ավելի շատ կկարողանա պաշտպանվել։ Մենք պետք է մտածենք հասարակության կրթելու, զարգացնելու, իր իրավունքներով զինելու մասին»,- կարծում է Հրանուշ Հակոբյանը։
Ի դեմ, նա բացառում է կոռուպցիայի գոյությունը իր ղեկավարած գերատեսչությունում։ «Մեզ մոտ ամեն ինչ արդար է և թափանցիկ»,- ասում է Սփյուռքի նախարարը։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am