ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավապաշտպանը մտահոգված է մինչդատական ընթացքում առկա խնդիրներով
Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը համարում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր հայեցակարգը իր մեջ պարունակում է վիճելի կետեր։
Այդ մասին իրավապաշտպանը հայտարարեց մարտի 10-ին ԵԱՀԿ-ի կողմից հրավիրված «Հայաստանում դատավարությունների դիտարկում» զեկույց. Մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ։
Մասնավորապես Իշխանյանը դեմ է ցուցմունքերի դեպոնացմանը.
«Նախաքննության ժամանակ, երբ որ կհամոզեն տարբեր մեթոդներով ցուցմունքենր տալ մեղադրյալին կամ կասկածյալին, հետագայում որպեսզի խնդիր չառաջանա, այդ ամեն ինչը կարող են շատ արագ դեպոնացնել դատարանում, այսինքն օրինականացնել նախաքննության ժամանակ արված ապօրինությունները»,- ասում է Իշխանյանը։
Նա դեմ է նաև մեղադրյալին սուտ ցուցմունքներ տալու իրավունքից զրկելուն.
«Կարծես թե լավ է հնչում, բայց Հայաստանի իրականության մեջ սա շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել, որովհետև այն ինչ կատարվում է նախաքննության փուլում, սա կարող է բավականին վտանգավոր երևույթ լինել։ Դատարանում մարդը մեղադրվում է ոստիկանների ցուցմունքների հիման վրա և, Հայաստանի իրականությունը հաշվի առնելով, եթե ամբաստանյալը այլ ցուցմունքներ տա, դատարանը կորակի, որ նա սուտ ցուցմունքներ է տալիս, և բացի այն մեղադրանքը, որ իր վրա կա, նաև սուտ ցուցմունքի մեղադրանքով կդատապարտվի»,- համոզված է Իշխանյանը։
Իշխանյանը ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ հաճախ կասկածյալին հրավիրում են ոստիկանություն պարզապես զրուցելու, որ հետագայում, եթե պաշտպան ուզի, հայտնեն, որ նրա հետ պարզապես զրուցում են։ Հաճախ նման դեպքերում, Իշխանյանի հաղորդմամբ, մարդուն կարող են հարցաքննել վկային հարցաքննելու օրինական 4 ժամից ավելի՝ մինչև 10 ժամ։
«Դա այն հատվածն է, երբ մարդու հետ ամեն ինչ կարող է արվել՝
խփում են, հայհոյում, սպառնում ու չկա մի անձ, որից պատասխանատվություն պահանջես այդ վնասի համար։ Դատարանում եղել են դեպքեր, երբ մեղադրյալը բարձրացնում է այդ հարցը, դատավորը հարցնում է՝ քեզ խփողի անուն ազգանունը կարո՞ղ ես ասել՝ իմանալով որ չի կարող»,- հայտնում է Իշխանյանը։
Որպես օրինակ նա ներկայացնում է 2010թ. ապրիլի 13-ին Չարենցավանում նույնկերպ ոստիկանություն բերված Վահան Խալաֆյանի դեպքը, որը հետագայում ավարտվեց վերջինիս մահով՝ պաշտոնական վարկածով նրան ինքնասպանության են դրդել, շատերը կարծում են, որ դա սպանություն է եղել։
Իշխանյանը առանձնացնում է ևս մի հաճախ կրկնվող խախտում, երբ կասկածյալին որպես վկա են ներգրավվում, քանի որ վկան պարտավոր է ցուցմունքներ տալ, ի տարբերություն կասկածյալի։
«Ավելի ծանր է վիճակը մարզերում, ուր ընդհանրապես պաշտպան ունենալու մասին գրեթե տեղյակ չեն, ու այնտեղ էլ փաստաբաններ քիչ կան»,- ասում է Իշխանյանը։
Լուրջ խնդիր է համարում նաև բուժօգնությունը ոչ պատշաճի իրականացնելը քրեակատարողական հիմնարկներում, որոնցից ամենաակնհայտն այն է, որ մատյաններում մակերեսորեն են գրվում քրեակատարողական հիմնարկ մուտք գործած կալանավորների մարմնական վնասվածքները։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
