Հաշմանդամների իրավունքների պաշտպանություն. դեռեւս բազմաթիվ են խնդիրները

«Այսօր բժշկասոցիալական-փորձագիտական հանձնաժողովները մտավոր խնդիրներ ունեցողներին քննում են և տալիս այսպիսի եզրակացություն. «Կարող է հատուկ ստեղծված պայմաններում աշխատել հավաքարար կամ աման լվացող»։ Սա մարդու իրավունքների ոտնահարում է, որովհետև նրան պիտակավորում են, որի իրավունքը ոչ ոք չունի»,- ասում է Արփինե Աբրահամյանը'«Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ի ղեկավարը ։

Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: 2011թ.-ի հունվար ամսվա դրությամբ' ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված է ավելի քան 185 հազար հաշմանդամ:

«Փրկություն» ՀԿ-ն աշխատում է մտավոր խնդիրներով հաշմանդամների հետ։ Կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանը նկատում է, որ թեև մեր երկիրը վավերացրել է ՄԱԿ-ի «Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիան և դրական տեղաշարժեր են նկատվում այդ ոլորտում, սակայն մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամները մնում են ուշադրությունից դուրս։

Տիկին Աբրահամյանը լուրջ խնդիր է համարում հաշմանդամների այս խմբի զբաղվածության հարցը։ Հատուկ դպրոցներում սովորելուց հետո նրանք այլևս ոչնչով չեն կարողանում զբաղվել այն պատճառով, որ գործատուներն առաջնորդվում են կարծրատիպերով և մտավոր խնդիրներով մարդկանց չեն դիտում որպես պոտենցյալ աշխատուժ։

Պետությունը և տարբեր կազմակերպություններ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են ծախսում և մտավոր խնդիրներ ունեցողներին սովորեցնում են տարբեր արհեստներ և արվեստներ, բայց ոչ ոք նրանց աշխատանքի չի ընդունում. «Այդ ամենը դիտվում է որպես զբաղմունք, նրանց պոտենցյալը չի օգտագործվում և ստացվում է, որ մտավոր խնդիր ունեցողը մեր պետության մեջ, և երբեմն նաև իր ընտանիքում, ոչ ոքի պետք չէ»,- նշում է «Փրկություն» ՀԿ-ի ղեկավարը։

Միևնույն ժամանակ, մտավոր խնդիրներ ունեցողներին տալիս են հաշմանդամության 3-րդ կարգ, որի դեպքում աղքատության նպաստն ավելի քիչ է կազմում, քանի որ 3-րդ խումբը համարվում է առավել աշխատունակ։

Հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը հենաշարժողական հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների խախտման առաջին պատճառը համարում է ոչ մատչելի միջավայրը, ինչի պատճառով նրանք զրկվում են կրթություն ստանալու իրավունքից և աշխատաշուկայում դառնում են անմրցունակ։ Իսկ եթե նույնիսկ աշխատանք ունենան, աշխատավայր հասնելն է դժվար, երբ շենք-շինությունները, փողոցներն ու տրանսպորտը հարմարեցված չեն սահմանափակ կարողություններով մարդկանց։

«Ունիսոնը» հրատարակել է «Ունիվերսալ դիզայն. միջավայր բոլորի համար» գրքույկը։ «Դա այն միջավայրն է, որը հարմար է բոլորին՝ դա լինի սայլակով հաշմանդամ, տարեց կամ գեր մարդ, մանկասայլակով ծնող և այլն»,- բացատրում է Ալավերդյանը՝ ավելացնելով, որ սխալ կարծիք կա, որ մատչելի միջավայրը միայն աստիճանների վրա կառուցված թեքահարթակն է։ զարգացած երկրներում միտում կա շենքերը կառուցել առանց աստիճանների՝ զրոյական մուտքով։

Միջավայրի անմատչելիության պատճառով խախտվում է նաև հաշմանդամ մարդկանց՝ մշակութային կյանքով ապրելու իրավունքը։ Միայն մայրաքաղաքում գործող մշակութային մի քանի օջախներ են հարմար հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Չնայած հաշմանդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերին'շարունակում են արդիական մնալ նրանց աշխատանքի տեղավորման, կրթություն ստանալու, տեղաշարժվելու և շատ այլ տարրական խնդիրներ:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am