Տիգրան Փոստանջյանն ազատ արձակվեց, իսկ հարուցված քրեական գործը կարճվեց

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, հունիսի 3-ին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման ակտի հիման վրա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց և քրեական հետապնդումը դադարեցվեց։

Քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով մայիսի 25-ից ուժը կորցրած էր ճանաչվել այն հոդվածը, որով մեղադրվում էր Տիգրան Փոստանջյանը (Քրեական օրենսգրքի 311(1) հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ)։

Մայիսի 26-ին Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը գործը կարճելու և իր պաշտպանյալին անհապաղ ազատելու մասին միջնորդություն էր ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին։

Հունիսի 3-ի դատական նիստի ժամանակ փաստաբանը կրկին ներկայացրեց նույն միջնորդությունը։ Ալումյանը դատարանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմքերով է իր պաշտպանյալը ապօրինաբար 8 օր շարունակ կալանքի տակ պահվել, եթե  նրան որևէ մեղադրանք առաջադրված չի եղել: Դատավոր Արթուր Մկրտչյանը դիմեց դատախազին՝ բացատրության համար։

Դատախազ Արամ Ամիրզադյանն էլ ասաց, որ որևէ բան չի բացատրելու. «Թող կարդան որոշումը, այնտեղ ամեն ինչ հստակ գրված է»։ Հունիսի 2-ին կայացրած որոշմամբ՝ դատախազը Փոստանջյանին նոր մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 311(1) հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը):

Դատարանը Տիգրան Փոստանջյանին հարցրեց, թե արդյոք չի՞ առարկում, որ իր նկատմամբ կիրառվի համաներման մասին որոշման 6-րդ հոդվածի 3-րդ ենթակետը (մինչև 3 տարի պատժաչափ)։ Փաստաբանը ընդմիջում վերցրեց իր պաշտպանյալի հետ խորհրդակցելու համար։ Տիգրան Փոստանջյանը, թեև չէր ցանկանում ընդունել համաներմամբ ազատ արձակվելու որոշումը, սակայն տեղի տվեց. «Ես, չընդունելով համաներումը, ապացուցելու եմ բոլորին, որ ես անմեղ եմ, բայց եթե պետք է մնամ քրեակատարողական հիմնարկի նույն պայմաններում, որոնք նվաստացուցիչ ու ստորացնող են, ես ստիպված եմ ընդունելու համաներումը»,- դատարանում հայտարարեց նա։

Գործող Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով՝ համաներումը տարածվում է հանցանք գործած անձի վրա, իսկ ՀՀ օրենսդրության համաձայն' մարդուն մեղավոր ճանաչելու իրավասու միակ մարմինը դատարաններն են:

www.hra.am -ի այն հարցին, թե օրինակա՞ն է արդյոք Տիգրան Փոստանջյանի նկատմամբ համաներման կիրառումը, եթե չկա դատարանի կողմից կայացված մեղադրական վճիռ, իրավաբան Աննա Մարալյանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 12-րդ կետը համաներումը դիտարկում է որպես քրեական գործի կարճման հիմք: Այսինքն' հակասություն կա գործող Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի և Քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածի միջև: Եվ քանի որ այս երկու օրենքներն էլ ունեն հավասար ուժ, այս դեպքում գործում է ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի' հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը: Քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ավելի վաղ, ապա այս դեպքում Փոստանջյանի համաներման որոշումը բխում է օրենքից»:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am