ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նուբարաշենի օդի աղտոտվածության մասին հստակ տվյալներ չկան (վիդեո)
Նուբարաշենի աղբավայրից 4 կմ հեռավորության վրա գտնվող Նուբարաշենի համայնքում մեծացել է քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը, ինչպես նաև ալերգածին ու ինֆեկցիոն հիվանդությունների քանակը. այս մասին փաստում է Նուբարաշենի պոլիկլինկայի մանկական բաժնի վարիչ Ռուզաննա Գալստյանը։
«Ուռուցքային հիվանդների թիվը 35-40 են, բայց կան նաև հետազոտման ընթացքում գտնվող հիվանդներ, կան նաև այնպիսիք, ովքեր չեն դիմում պոլիկլինիկա»,-ասում է նա։
Բնակիչները բողոքում են, որ մոտակա աղբավայրում աղբը վառելու և ինքնայրման պատճառով օդը աղտոտվում է, ու իրենք ձեռք են բերում հիվանդություններ, նաև չեն կարողանում պատուհան բացել ու օդ շնչել՝ հատկապես քամիների ժամանակ։
Վեցամյա Սոնա Թամազյանն նոր է վիրահատվել, քանի որ նրա ստամոքսում հայտաբերել էին էխինակոկ հիվանդությունը(առաջանում է շան կեղտից), որը կարող է տարածվել սննդի կամ շան մազի միջոցով։ Նշենք, որ Նուբարաշենի աղբավայրում կան բազմաթիվ շներ, որոնց հետ երեխաներն անգիտակցաբար սկսում են խաղալ։
«Խազեր» ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանի խոսքով՝ աղբի այրման ընթացքում մթնոլորտ են արտանետվում թունավոր նյութեր՝ մեթան և ածխաթթու գազ, որի քանակն, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության անցկացրած հետազոտության, Հայաստանում անցել է թույլատրելի սահմանը։
ՀՀ բնապահպանության նախարարությունը Երևանի օդի մաքրությունը ստուգում է ավտոմատ 7 կայանների միջոցով, որոնցից ոչ մեկը չի գործում կոնկրետ Նուբարաշենի տարածքում։ Ուստի, ինչպես հաղորդում է նախարարության ներկայացուցիչ Լիանա Մարգարյանը, Նուբարաշենի օդի աղտոտվածության աստիճանի մասին իրենք կոնկրետ տվյալ չունեն։
Տեսանյութը պատրաստվել է գերմանական Deutsche Welle ակադեմիայի տեխնիկական աջակցությամբ՝ բնապահպանական հեռուստալրագրության դասընթացի շրջանակում։
Օպերատոր՝ Կարինե Իոնեսյան
Լրագրողներ՝Կարինե Իոնեսյան
Տարոն Դանիելյան
Կարինե Հունանյան
Օֆելյա Կամավոսյան
Աննա Հայրապետյան
Աղբյուրը՝ www.hra.am
