ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բնական պաշարները կողոպտում են՝ մեզ թողնելով թունավոր թափոնները

«Պետականորեն ստեղծված է մի իրավիճակ, երբ ՀՀ ամբողջ հանքահումքը գնում է դեպի սպառում, դրանից ստացված շահույթը մտնում է առանձին մարդկանց գրպանները, իսկ հայ ժողովրդին և երկրին մնում են միայն վտանգավոր թափոնները»,- նոյեմբերի 11-ին «Դյուպլեքս» մամուլի ակումբում ասաց «Կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանը:
Նա հանքարդյունաբերությունը համարում է Հայաստանում ամենախոցելի բնագավառներից մեկը, որտեղ, Սանասարյանի խոսքերով, «բացահայտ հանցագործություն է կատարվում օրենքով սահմանաված կարգով» և ոչ միայն «կողոպտվում է ՀՀ քաղաքացու ունեցվածքը, այլ նաև վնաս է հասցվում նրա առողջությանը»:
«Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ մեր դիմումները և ահազանգերը երկար ժամանակ պատասխաններ չէին ստանում, որովհետեև պարզվում է, որ մեծ պաշտոններ ունեցողները հանքեր ունեն, իրենք իրենց համար կառավարությունում ստեղծում են օրենքներ, բերում են ԱԺ, որտեղ ոլորտի ամենապատասխանատու հանձնաժողովի ղեկավարը նույնպես բազմաթիվ հանքեր ունի»,- ասում է Սանասարյանը:
Հանքարդյունաբերության թափոնները կամ պոչամբարները, որոնք, բնապահպանի խոսքերով, ռադիոակտիվ թափոններից հետո երկրորդ ամենավտանգավոր թափոնն են համարվում, հարկային դաշտից դուրս են գործում: ««Թափոնների մասին» օրենքում գրված է, որ հանքարդյունաբերական թափոնները կարգավորվում են այլ օրենքով, բայց այդ օրենքը գոյություն չունի»,- ասում է նա:
«Ընդերքի մասին» նոր օրինագծի քննարկման ժամանակ «Կանաչների միությունը» մի շարք առաջարկների թվում նշել է նաև պոչամբարները հարկային դաշտ մտցնելու անհրաժեշտությունը: Առաջարկություններից ոչ մեկը չի ընդունվել, որից հետո բնապահպանները բոյկոտել են քննարկումները:
Սանասարյանի հաշվարկներով՝ եթե ՀՀ-ում պաշտոնապես գործող 470 հանքավայրերը շրջակա միջավայրին հասցված վնասի դիմաց պետությանը վճարեն, պետական բյուջեն ոչ միայն պակասուրդ չի ունենա, այլև կկրկնապատկվի:
Բնապահպանը հաշվարկել է, որ միայն Քաջարանի հանքավայրն ամեն տարի 16 միլիոն տոննա վերամշակվող հանքաքարի դիմաց պետք է վճարի տարեկան առնվազն 20 միլիարդ դրամ բնավճար (հարկ՝ բնությանը հասցված վնասի համար), իսկ առաջացած պոչամբարների համար՝ տարեկան 760 միլիարդ դրամ տուգանք:
Նա անտրամաբանական է համարում, որ պետությունը մասնավոր ընկերություններին է տվել երկրի ընդերքի հարստությունը և դրա դիմաց ստանում է ընդամենը 20 % շահութահարկ: «Պետությունն ինքը պիտի շահագործի հանքավայրերը»,- համոզված է Սանասարյանը:
էկոլոգիական անվտանգության հարցերով իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի կարծիքով՝ հանքարդյունաբերական ոլորտի օրենսդրությունը բխում է հանքարդյունաբերողի շահերից, այլ ոչ թե ՀՀ քաղաքացու կամ բնության:
«Քաղաքակիրթ երկրներում հանքարդյունաբերողները ոչ միայն մեծ բնավճարներ են մուծում այլ նաև պարտավորություն ունեն 100 տարի շարունակ մշակել, խնամել պոչամբարները, իսկ մեզ մոտ նույնիսկ հանքը շահագործելու ընթացքում չեն վճարում բնությանը հասցված վնասի համար»,- ասում է իրավախորհրդատուն' ավելացնելով, որ աշխարհի ոչ մի նորմալ երկրում նման պրակտիկա գոյություն չունի:
Բացի այդ, Ղազարյանի կարծիքով՝ Հայաստանում բոլոր պոչամբարները պետք է ունենան բնապահպանական անձնագրեր, որտեղ նշված կլինի, թե վտանգավորության ինչ աստիճան ունի տվյալ պոչամբարը, ըստ որի էլ հաշվարկվում է բնավճարը:
«ՀՀ-ում ոչ մի պոչամբար չունի բնապահպանական անձնագիր և թունավորվածության աստիճան: Կառավարությունը լիցենզիաներ տրամադրելիս սատարում է հանքարդյունաբերողներին, և լիցենզիան տրամադրում է ըստ ցանկության, այստեղից էլ' կոռուպցիոն ռիսկերը: Համոզված եմ, որ մինչև այսօր տրամադրված լիցենզիաներից ոչ մեկը օրենքին չի համապատասխանում»,- ասում է Արթուր Ղազարյանը։ Նրա կարծիքով՝ եթե բնապահպանության նախարարությունը չգործի ընդհանրապես, դրանից մեր բնությունը միայն կշահի։
«Ընդերքի մասին» նոր օրինագծի ընդունումից հետո, ըստ Ղազարյանի, իրավիճակն ավելի է վատթարանալու: Նրա և «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ խնդրի լուծումն ավելի շատ քաղաքական է, այսինքն՝ պետք է փոխվեն այս ամենի հետևում կանգնած պաշտոնյաները:
Իսկ մինչ այդ, Սանասարյանի կարծիքով, պետք է արգելանք դրվի հանքերի վրա, քանի որ դրանց պատճառած վնասն այսօր ավելի մեծ է, քան տված օգուտը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
