Եհովայի վկային դատապարտելը՝ կրոնի ազատության իրավունքի խախտում

Դեկտեմբերի 23-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և իր անդամ կազմակերպություն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հայտարարություն են տարածել, որով դատապարտում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի՝ 6 ամիս ժամկետով ազատազրկումը:

«Մեր կազմակերպությունները համոզված են, որ Անդրանիկ Մակվեցյանի նկատմամբ կայացված դատավճիռը պայմանավորված է նրա՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը պատկանելու հանգամանքով»,- գրված է համատեղ հայտարարությունում։

Կրոնական կազմակերպության քարոզչին դատապարտելը FIDH-ը և ՔՀԻ-ն համարում են ՀՀ սահմանադրության 26-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածներով ամրագրված՝ դավանանքի ազատության իրավունքի խախտում:

Հիշեցնենք, որ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքում քարոզչություն անելու համար «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի և եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանի միջև վիճաբանություն էր առաջացել:

Քահանան դիմել էր ոստիկանություն և Մակվեցյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ծեծի, ինքնիրավչության և սպառնալիքի հոդվածներով: Ավելի ուշ մեղադրանքի ծավալը փոխվել էր: Նոյեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը)։

Դատարանը գտավ, որ «Անդրանիկ Մակվեցյանը խախտել է տուժող Տեր Եսայի քահանա Արթենյանի՝ եկեղեցու և նրա շրջակա տարածքում քարոզչություն կատարելու, անձանց Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության մեջ ներգրավվելու փորձ կատարելու գործողությունները կանխելու նրա իրավունքը»:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» գտնում են, որ դատարանի կողմից կիրառված՝ Սահմանադրության 8.1 (պետություն-եկեղեցի հարաբերություններ) և 14.1 (քաղաքացիների իրավահավասարությունը) հոդվածները տվյալ գործի փաստերի նկատմամբ կիրառելի չեն։

«Ավելին, ՀՀ սահմանադրության 8.1 հոդվածը կարգավորում է պետություն-եկեղեցի հարաբերությունները, չի նախատեսում որևէ անհատական իրավունք և, հետևաբար, չի կարող խախտվել անհատի կողմից»,- հայտարարում են կազմակերպությունները։

FIDH-ը և ՔՀԻ-ն կոչ են անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել Անդրանիկ Մակվեցյանին, բոլոր կրոնական կազմակերպությունների համար ապահովել դավանանքն ազատ քարոզելու իրավունքի իրացում:

Կազմակերպությունները նաև կոչ են անում ապահովել կրոնի ազատությանն առնչվող դատական գործերի անկախ և անաչառ քննությունը, կրոնի ազատության հարցերում պահպանել չեզոքություն և նպաստել կրոնական կազմակերպությունների միջև հարաբերություններում հանդուրժողականության ամրապնդմանը։

Աղբյուրը՝ www.hra.am