Իրավապահ մարմինների «հրավերն» ընդունելը պարտադիր չէ. պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տասնյակ ահազանգեր է ստացել մարդկանցից, ում հարազատները իրավապահ մարմինների կողմից «հրավիրվել են» համապատասխան բաժիններ զրուցելու և ժամեր շարունակ պահվել են այնտեղ։ «Հրավիրվածներին» հաջողվել է բաժիններից դուրս բերել պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությամբ:

Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Պաշտպան Կարեն Անդրեասյանը զգուշացրել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անձանց բաժիններ հրավիրելը օրենքի հրաման կամ պահանջ չէ, ուստի անձը կարող է ներկայանալ բացառապես իր ցանկությամբ։

«Այսինքն՝ անձն իրավապահ մարմինների կողմից հրավերի յուրաքանչյուր դեպքում իրավունք ունի չներկայանալ բաժին կամ ստորաբաժանում, կամ, առավել ևս, պարտավոր չէ իր ցանկությանը հակառակ գտնվել այնտեղ»,- ասված է հայտարարության մեջ` հղում անելով «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածին: