ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քրեակատարողական համակարգը՝ նախարարի վերահսկողությունից դուրս
«Արդարադատության նախարարությունը գրեթե վերահսկողություն չունի
քրեակատարողական համակարգի վրա, քանի որ քրեակատարողական վարչության պետը նշանակվում
է ՀՀ նախագահի կողմից»,– նոյեմբերի 27-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Քաղաքացիական
հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ Արման Դանիելյանը։
Նրա խոսքերով՝ մոտ 10 տարի առաջ դինամիկ զարգացող և բարեփոխվող
քեակատարողական համակարգն այսօր գնալով ավելի փակ և լճացած է դառնում։
«Եթե արդարադատության նախարարը ուժեղ և ազդեցիկ է, կարողանում
է վերահսկողություն սահմանել և բարեփոխումներ իրականացնել, սակայն վերջին երկու նախարարների
պաշտոնավարման տարիներին քրեակատարողական համակարգի վրա վերահսկողությունը գնալով նվազում
է»,– կարծիք հայտնեց կազմակերպության նախագահը։
Խոսելով քրեակատարողական հիմնարկներում
դատապարտյալների ինքնախեղման դեպքերի ավելացման մասին՝ նա նշեց, որ այդ երևույթի իրական
պատճառը բողոքարկման մեխանիզմների բացակայությունն է։
«Ցավալի է, բայց իրենց ձայնը լսելի
դարձնելու այլ ուղի չեն տեսնում։ Դատապարտյալը չգիտի՝ ում դիմի կամ ինչ անի։ Եթե դիմում
կամ բողոք գրի արդարադատության նախարարին, ես համոզված չեմ, որ այն տեղ կհասնի, որովհետև
նամակագրությունը գրաքննվում է։ Եթե նույնիսկ տեղ հասնի, ես համոզված չեմ, որ նախարարն
ունի այնքան ազդեցություն, որ կարողանա դատապարտյալի խնդիրը լուծել»,– նշեց Դանիելյանը։
Բոլոր քննադատություններն ու հարցադրումներն
ուղղվում են արդարադատության նախարարին, մինչդեռ, նրա կարծիքով, միակ պաշտոնյան, ով
ի զորու է խնդիրները լուծել և պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար, Քրեակատարողական
վարչության պետն է։
Արման Դանիելյանը քրեակատարողական
համակարգում բազմաթիվ խնդիրներ է տեսնում, սակայն, ամենամտահոգիչը պայմանական վաղաժամկետ ազատման համակարգն է։
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ
ազատելու հարցերով անկախ հանձնաժողովները, որոնք ներդրվեցին այդ ոլորտում առկա կոռուպցիան
վերացնելու համար, մեկ այլ ծայրահեղության հանգեցրին։
«Դիմումների մոտ յոթանասուն տոկոսը
մերժվում է առանց որևէ հիմնավորման կամ սկզբունքի, և այդ որոշումները բողոքարկման ենթական
չեն։ Որևէ մեկի համար հասկանալի չէ, թե ինչ չափանիշներով և գործիքներով է անկախ հանձնաժողովը
գնահատում դատապարտյալի, այսպես կոչված, ուղղումը, և դատապարտյալի համար այդպես էլ
անհայտ է մնում, թե ինչ պիտի անի կամ չանի, որ իրեն պայմանական վաղաժամկետ ազատեն»,–
նշում է Դանիելյանը։
Իրավաբանական հոգեբան Անահիտ Արզումանյանի կարծիքով՝ քրեակատարողական
հիմնարկում մեկ հոգեբանը կամ սոցիալական աշխատողն ի վիճակի չէ աշխատել մի քանի հարյուր
դատապարտյալի հետ և պատշաճ կատարել իր աշխատանքը։ Մյուս կողմից, հոգեբանին ստիպում
են համազգեստ հագնել, և դատապարտյալը նրան ընկալում է որպես ՔԿՀ վարչական աշխատող ու
չի վստահում։
«Քրեակատարողական հիմնարկի ֆունկցիաների մեջ մտնում է արժեհամակարգի
վերափոխում, վերադաստիարակություն և մեկուսացում։
Բայց մեզ մոտ գործում է միայն մեկուսացումը և այն էլ այնպիսի ոչ պատշաճ պայմաններում, որ խոսք լինել չի կարող արժեհամակարգի վերափոխման և ուղղվելու մասին»,– ասում
է Արզումանյանը։ Հոգեբանի խոսքերով՝ դատապարտյալը հակված է կրկնահանցագործության, քանի
որ մեզ մոտ չի գործում ռեսոցիալիզացիայի և վերաինտեգրման որևէ համակարգ։
«Սոցիալ-հոգեբանական ծառայությունը
որոշումների կայացման հարցում չունի այն ազդեցությունը, որի նպատակով ներդրվեց»,– ասում
է Արման Դանիելյանը։
Նրա խոսքերով՝ միջազգային պրակտիկայում
պայմանական վաղաժամկետ ազատմանը ներկայացված դատապարտյալների՝ կրկնահանցագործության
կատարման ռիսկը գնահատում են պրոբացիոն ծառայությունները։
Մեզ մոտ նույնպես քայլեր են
արվում պրոբացիոն ծառայության ստեղծման ուղղությամբ, սակայն, Դանիելյանի կարծիքով, պրոբացիոն մասնագետների
խնդիր կա։
