ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեկը փչացնում է ամեն ինչ, մյուսները փորձում են շտկել. Սոնա Այվազյան

Հարցազրույց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սոնա Այվազյանի հետ
Ձեր կարծիքով՝ ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը:
Մեր կարծիքով' Հայաստանի համար ավելի կայուն և երկարատև արդյունք ապահովողը կլինի ժողովրդավարության զարգացումը։ Այսինքն՝ եթե ժողովրդավարության մեխանիզմները՝ օրինավորության, թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքները, զարգացվեն, ապա հնարավորություն կլինի կրճատել կոռուպցիան և երկարաժամկետ արդյունքների հասնել: Մենք վստահ ենք, որ պետք է լինի պատժելություն, այսինքն՝ պետք է կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ հասկանան, որ իրենք հանցագործություն են գործում և պետք է պատժվեն: Սակայն հիմա Հայաստանում շատերը այս կամ այն կերպ ներգրավված են կոռուպցիայի մեջ: Պատժելը մի ձև է, բայց վստահ չենք, որ դա լավագույն ձևն է Հայաստանի համար, որովհետև էդ դեպքում երկրի բնակիչների մեծամասնությանը պիտի պատժես, քանի որ իրենք ինչ-որ ձևով ներգրավված են ինչ-որ գործունեության մեջ, որտեղ անօրինականություն կա:
Պետք է պատժվեն և պատասխանատվություն կրեն այն բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր հովանավորում են այդ կոռուպցիան, ում ձեռքին կան այն լծակները, որոնք թույլ են տալիս պետական միջոցների, հանրային գույքի հաշվին հարստանալ:
Պետք է զարգանան ժողովրդավարական մեխանիզմները՝ թափանցիկ կառավարումը, հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացում, ազատ խոսքի ապահովում պետք է լինի, լրատվամիջոցների ազատություն, անկախություն պետք է լինի և անկախ դատարաններ պետք է լինեն: Երբ որ այս ինստիտուտները զարգացան, դա կարող է նվազեցնել կոռուպցիան:
«Թրանսփարենսի ինթերնեշնլը» ավելի շատ հայտնի էր որպես կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպություն, սակայն վերջերս ակտիվ եք նաև այլ ոլորտներում՝ բնապահպանություն, մարդու իրավունքները բանակում. ինչո՞վ էր պայմանավորված գործունեության ոլորտների ընդլայնումը:
Մենք 2008թ. մարտից հետո վերանայեցինք մեր կանոնադրությունը և այնտեղ ներառեցինք նաև մարդու իրավունքների պաշտպանություն՝ հասկանալով, որ եթե դու ուզում ես ժողովրդավարական բարեփոխումներ, չես կարող անմասն մնալ մարդու իրավունքների, մասնավորապես՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունից:
Մենք իրավունքների պաշտպանությամբ զբաղվում ենք այնքանով, որքանով դրանք վերաբերում են քաղաքացիական ազատություններին՝ արտահայտվելու ազատություն, հավաքների ազատություն, միավորումների ազատություն, ընտրություններին մասնակցելու իրավունք և կոռուպցիային վերաբերող ոլորտներ:
Մենք մարդկանց օգնում ենք վերացնել իրենց իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել կոռուպցիայի հետևանքով:
Զինվորների սպանությունները և այդ դեպքերի համար պատասխանատուների անպատժելիությունը բողոքի ալիք է բարձրացրել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի մեր կառավարությունը, նաև քաղաքացիական հասարակությունը՝ նման դեպքերը կանխելու համար:
Բանակի խնդիրներն ունեն տարբեր պատճառներ և պատճառներից մեկը կարծում ենք, որ կոռուպցիան է, հովանավորչությունը, երբ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, հրամանատարներ պարզապես պատասխանատվություն չեն կրում իրենց գործունեության համար: Եվ, որպես կանոն, դրանցից շատերը ղարաբաղյան պատերազմ անցած գեներալներ են, որոնք այնպիսի դիրք են գրավել հասարակության մեջ, որ իրենց թույլ է տրվում ամեն ինչ և ամեն ինչ պիտի ներվի: Նրանք պաշտպանել են հայրենքիը, բայց այնուհետ նույն երկրի հաշվին սկսել են հարստություն դիզել: Դա անընդունելի է, կարծում եմ, և նրանց ունեցած ներդրումը պատերազմում չպետք է հիմք լինի ներելու նրանց: Այդպիսի պաշտոնյաները, կարծում եմ, պարզապես պետք է հեռացվեն աշխատանքից և դա ինչ-որ չափով կառողջացնի բանակի մթնոլորտը:
Իհարկե, բանակում տարբեր մակարդակներում կան մարդու իրավունքներին առնչվող տարբեր խնդիրներ: Պետք է անպայման լինեն կանխարգելող միջոցառումներ, որպեսզի կանոնադրային հարաբերություններն ավելի ճիշտ ձևով կազմակերպվեն: Այսօր տղաները բանակ են գնում՝ չիմանալով իրենց իրավունքների մասին, միգուցե գիտեն իրենց պարտականությունները շատ լավ, բայց չգիտեն, որ իրենք նաև իրավունքներ ունեն: Համապատասխան իրազեկում է հարկավոր, օրենսդրական կանխարգելիչ միջոցառումներ, պետք է լինի պատժելիություն կատարված դեպքերին, որոնք այսօր ավելի շատ որպես ինքնասպանություն են որակվում, պետք է տրվի համապատասխան ընթացք, պետք է բացահայտվեն մեղավորները: Այսօր մենք չենք տեսնում, որ կա քաղաքական կամք: Ինքնասպանություն որակելով` նրանք ամբողջ պատասխանատվությունը, բեռը գցում են մահացածի և նրա ընտանիքի վրա, որովհետև ծնողներն էլ սկսում են տառապել, թե իրենց տղան ինչու պիտի ինքնասպան լիներ: Պետք է պատժելիություն լինի, և ցանկացած հրամանատար, ում զորամասում լինում են նման միջադեպեր, պետք է պատասխանատվություն կրի: Եթե նույնիսկ դա ինքնասպանություն է, նա պետք է նկատած լիներ, թե ինչ է կատարվում իր հսկողության տակ դրված, իրեն վստահված զինվորների հետ: Եթե դա սպանություն է, առավել ևս պետք է բացահայտվեն մեղավորները և հրամանատարներն էլ պետք է պատասխանատվություն կրեն, այլ ոչ թե տեղափոխվեն մի զորամասից մյուսը կամ պաշտոններ բարձրացվեն:
Բանակում տիրող այսպիսի իրավիճակը կոռուպցիոն ռիսկերն է ավելացնում, որովհետև ծնողները սկսում են մտածել ամեն ձևով իրենց երեխային ազատելու բանակից կամ ավելի «լավ տեղեր» տեղավորելու ուղղությամբ, օրինակ՝ որ երեխան Ղարաբաղ չգնա, որովեհետև դեպքերի մեծ մասը այնտեղ է լինում:
Վերջին տարիներին հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնություններն ավելի ակտիվացել են և ավելի արագ են արձագանքում երկրում կատարվող գործընթացներին: Կարո՞ղ ենք ասել, որ մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն:
Իհարկե, լիարժեք կայացած չենք կարող կոչել: Բայց դա գործընթաց է, և դա գնալով զարգանում է ու պետք է ասեմ, որ մեր կառավարությունն էլ նպաստում է, որ այդ գործընթացը զարգանա, որովհետև օր-օրի ավելի շատ են զայրացնում իրենց ոչ պատշաճ կեցվածքով ու անօրինական որոշումներով։ Ու մարդիկ պարզապես ստիպված են անընդհատ պայքարի մեջ մտնել՝ սկսած օտարալեզու դպրոցների բացումից, վերջացրած հղիների նպաստի կրճատումով, բնապահպանական խնդիրներով, բանակի սպանությունների նկատմամբ վերաբերմունքով: Այսինքն՝ կառավարությունը չի իրականացնում ժողովրդին հաճո քաղաքականություն. կայացված որոշումներն ավելի շատ բխում են նեղ խմբային, քան հանրային շահերից: Այդ կեցվածքը պարզապես զայրացնում է հասարակությանը, և այդ ակտիվ խմբերը հասկանում են, որ այսօր միայն պայքարելով իրենք կարող են ինչ-որ բանի հասնել:
Իհարկե, մի կողմից լավ է, որ քաղաքացիներն ակտիվացել են, նրանց գիտակցությունը զարգացել է, սակայն դա նորմալ գործընթաց չէ ժողովրդավարական երկրի համար, չպետք է սկանդալային որոշումներ ընդունվեն: Ես շատ ցավում եմ, որ մարդկանց էներգիան անընդհատ պայքարների մեջ է վատնվում, որովհետև կարելի էր շատ ավելի կառուցողական աշխատանքով զբաղվել. հետին թվով պայքարել անօրինական որոշումների դեմ, ու երբեմն ոչ մի արդյունքի չհասնել: Չնայած ես վստահ եմ, որ մեր պայքարները միշտ ինչ-որ արդյունք տալիս են ցանկացած դեպքում, դրանք անիմաստ չեն և քայլ առաջ են: Բայց այդ էներգիան և ռեսուրսները կարելի էր ավելի արդյունավետ ծախսել՝ նոր քաղաքականության, նոր ծրագրերի մշակման վրա, որն ավելի օգտակար կլիներ: Իսկ այսպես ստացվում է, որ մեկը փչացնում է ամեն ինչ, մյուսները փորձում են դա շտկել:
Որքանո՞վ է քաղաքացիական հասարակությունը կարողանում ազդել որոշումների ընդունման վրա:
Կարողանում է ազդել, բայց շատ քիչ և ավելի շատ պայքարների եղանակով: Հիմանականում դու փորձում ես փչացրածն ուղղել, և ավելի կառուցողական առաջարկներ մշակելու և իրականացնելու համար ժամանակ և ռեսուրս չի մնում: Ամեն դեպքում չեմ կարող ասել, որ մեր պայքարը անարդյունավետ է, բայց չեմ էլ կարող ասել՝ հաղթանակներ ունենք, որովհետև մեր ունեցած փոքրիկ հաջողությունները հաղթանակ կոչելը մի քիչ ճոխ կլինի: Քաղաքացիական հասարակության ակտիվությունը դրական զարգացող գործընթաց է, և մի պահ կբերի փոփոխության, չի կարող անհետ կորչել այդ ամբողջ էներգիան և ներդրումը, որ ունենում են մարդիկ:
Իսկ ի՞նչն է այսօր պակասում մեր քաղաքացիական հասարակությանը:
Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին, ռեսուրսները քիչ են, որոշ դեպքերում պրոֆեսիոնալիզմն է պակասում՝ միգուցե ռեսուրսների պակասի պատճառով: Քացաքացիական խմբերի աշխատանքն ավելի արդյունավետ է, որովհետև երևի էնտուզիազմն է իրենց առաջ մղողը, այլ ոչ թե՝ կոնկրետ ծրագիր, նպատակ, դոնոր, հաշվետվություն... Կոալիցիաներն էլ են շատ ակտիվ և արդյունավետ, բայց ոչ թե այն կոալիցիաները, որոնք ստեղծվում են երկարաժամկետ համատեղ գործունեության նպատակով, այլ սպոնտան, կոնկրետ հարցի շուրջ ստեղծվող կոալիցիաները:
Կարծում եմ՝ այս ընթացքում մարդիկ սովորել են իրար հետ աշխատել, ավելի հանդուրժող են դարձել: Մեր խնդիրը, կարծում եմ, քաղաքացիական հասարակության իմիտացիաներն են, որոնք ստեղծվում եմ հիմնականում իշխանությունների կողմից՝ փորձելով ցույց տալ, որ կա հասարակական մասնակցություն, ներգրավում են այնպիսի կազմակերպությունների, որոնք իրենց պատվերն են կատարում:
Այդ գործընթացը միանշանակ շատ վտանգավոր է, արհեստական և ինչ-որ տեղ կարծում եմ նաև՝ ոչ բարոյական: Այդպիսի կազմակերպությունները մեծ թիվ են կազմում, իրենք, որպես կանոն, ավելի քիչ են երևում, բայց իրենց գործունեությունը շատ ավելի վնասակար է: Շատ կազմակերպություններ ստեղծվում են և, չգիտեմ ստրկամտությո՞ւն է դա, թե՞ քաղաքացիական ցածր գիտակցության արդյունք, իրենց թվում է՝ իրենց պետք է ծառայեն իշխանություններին: Դա արդեն հասարակական կազմակերպություն չէ: Դա ստվեր է գցում մյուս՝ անկախ կազմակերպությունների վրա և քաղաքացիական հասարակության մեջ արհեստական ճեքվածք ու բևեռացում է առաջացնում: Դա խանգարում է, կարծում եմ, որովհետև այդ կազմակերպությունները կարող էին համատեղ աշխատել, բայց զուտ հայացքների և մոտեցումների հակասության պատճառով, համագործակցությունը դառնում է անհնար:
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am