«Գրպանի փաստաբանը» խստորեն կպատժվի

«Փաստաբանության մասին» օրենքի փոփոխություններից հետո Փաստաբանների պալատը փետրվարի 11-ին կայացած ժողովի ժամանակ ընդունեց Փաստաբանների պալատի կանոնագիրքը, «Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը» և ընտրեց կարգապահական գործ նախապատրաստող անձանց:

Հարցազրույց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ

Հունվարի 19-ից ուժի մեջ մտած' «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխությունները բուռն քննարկումների առիթ դարձան: Որոշ ոչ փաստաբաններ կարծիք էին հայտնում, որ դա Փաստաբանների պալատի դիրքն ամրապնդելու համար է արվում, որպեսզի փաստաբանները մենաշնորհ ունենան: Մտահոգություն կար,  որ օրենքը կարող է սահմանափակել քաղաքացիների՝ դատարան դիմելու մատչելիության սկզբունքը: Ի՞նչն էր մտահոգության տեղիք տվել և, ըստ Ձեզ, արդարացվա՞ծ  էին արդյոք այդ մտահոգություները:

Ճիշտն ասած՝ չէի ցանկանա խոսել այս թեմայով, որովհետև ինչո՞ւ պիտի պատասխանեմ ամեն մի անձի կարծիքի: Զանազան կարծիքներ կան: Ես էլ կասեմ, որ կա ճնշող մեծամասնության կարծիք, որ մարդկանց իրավունքների որևէ սահմանափակում տեղի չի ունեցել: Որ օրենքի այս փոփոխություններն ըստ էության չեն տարբերվում 2005թ. ընդունված նույն օրենքի նույն՝ 5-րդ հոդվածի դրույթներից:

Ինչո՞ւ են իրենք այսօր ոտքի կանգնել, որովհետև տարիներ շարունակ իրականացրել են ձեռնարկատիրական գործունեություն, որը «Փաստաբանության մասին» օրենքով արգելված է՝ այն ժամանակ էլ էր արգելված, այսօր էլ:

Ասում են, որ այսուհետ անձը չի կարող դիմել ոչ փաստաբանի, այսինքն' իրավաբանի և նրան ներգրավել որպես իր ներկայացուցիչ:

Ճիշտ չեն ասում: Օրենքն ասում է «պարբերաբար կամ վճարովի» չի կարելի: Այսինքն՝ չի սահմանափակել անձի իրավունքը դիմել ոչ փաստաբանի և մեկ անգամ, մեկ իրավահարաբերության շրջանակներում, մեկ գործով մասնակցել որպես ներկայացուցիչ: Ուրեմն՝ ինչո՞ւ են աղմուկ բարձրացրել, ասում՝ «քաղաքացինե՛ր, այլևս չեք կարող դիմել ոչ փաստաբանի»: Օրենքն ասում է՝ պարբերաբար չդիմեք, դա գալիս է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածից:

Մենք ունենք «Փաստաբանության մասին» օրենք, որը թույլ էր տալիս անդամագրվել Փաստաբանների պալատին, ինչո՞ւ չեն արել: Ամեն տարի մեկ անգամ մենք որակավորման քննություն ենք անցկացնում: Ինչո՞ւ չեն մասնակցում:  

Ասեմ, որ ոմանք եկել են և չեն կարողացել որակավորման քննության շեմը հաղթահարել: Այդ դեպքում ինչո՞ւ են պնդում, որ իրենք լավ իրավաբան են: Իհարկե, բոլորի մասին չի խոսքը:

Կամ ասում են՝ ինչո՞ւ օրենքը նախապես չդրեցին քննարկման և մեզ անակնկալի բերեցին: Ախր, դուք իրավաբան եք, տեսնում եք, որ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2011թ. մայիսի 5-ին, արդյո՞ք այդ 7 ամիսը ձեզ բավարար չէր: Նախագիծը ԱԺ և արդարադատության նախարարության կայքում տեղադրված են եղել դրանից էլ ամիսներ առաջ՝ 2010թ.: Ինչո՞ւ չեք ծանոթացել, ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի ծանոթանայիք նախագծին և նախապատրաստվեիք հնարավոր իրավիճակին: Օրենքն ընդունվելուց հետո նոր աղմուկը սկսվեց:

Օրենքի ընդդիմախոսները պնդում են, որ դա հետընթաց քայլ է: Ի՞նչ է ցույց տալիս միջազգային փորձը:

Ո՛չ,  կան երկրներ, որ վաղուց արդեն այդ կարգով են գործում, այդ Հայաստանն է հետ մնացել: Կիպրոսում, Չեխիայում, Դանիայում միայն փաստաբաններն իրավունք ունեն տրամադրելու իրավաբանական խորհրդատվություն և վարելու գործեր դատարանում: Նույնը Գերմանիայում, Հունգարիայում, Հունաստանում, Իսլանդիայում, Իտալիայում, Լիխտեյնշտեյնում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում:

Իսկ մեզ մոտ օրենքը խորհրդատվության իրավունքն իրավաբաններից չի՛ վերցրել: Եթե լավ իրավաբան են, թող բարի լինեն տառացի մեկնաբանել օրենքը: Ինչո՞ւ են ասում՝ ոչ փաստաբաններին թույլ չեն տալիս խորհրդատվություն մատուցել...:

Օրենքից բխող այն փոփոխությունները, որ արվեցին  վարքագծի կանոնագրքում և կանոնադրության մեջ, ի՞նչ են նախատեսում:

Վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի նորմերը. ինչպես պետք է վարվի փաստաբանն իր գործունեության ընթացքում կամ ինչպես չպետք է վարվի, ինչպիսի գործողություններ կարող է կատարել, ինչիպիսի գործողություններ չի կարող: Սահմանում է այն պատժատեսակները, որոնք օրենքից են տեղափոխվել կանոնագիրք, և ընթացակարգային որոշ հարցեր:

Իմ տեսակետից՝ շատ կարևոր փոփոխություններ կան: Օրինակ, երբ քրեական գործով վարույթին փաստաբանին հրավիրում է վարույթ իրականացնող մարմինը (քննիչը, դատախազը, դատարանը) և նա գնում է, նշանակում է նա իրենց «գրպանի փաստաբանն է» (այդպես ենք մենք մեր մեջ ասում): Որովհետև եթե քեզ քննիչն է հրավիրում, դու կախվածության մեջ ես գտնվում նրանից, դու չես կարող նրան ասել՝ դու սխալ ես, միջնորդում եմ, որ ուղղես քո սխալը: Մենք դա չենք ընդունում, փաստաբանական համայնքը դա չի ընդունում: Կան դեպքեր, երբ քննիչը կանչում է իր ընկեր, ծանոթ, բարեկամ փաստաբանին, որպեսզի ունենա հոնորար: Դա մենք համարում ենք դավաճանություն վստահորդին և խստորեն պատժվելու են նման դեպքերը, ընդհուպ մինչև արտոնագրի դադարեցում: Բայց մենք մի բացառություն ենք թույլ տվել: Եթե կլինեն այդպիսի դեպքեր, սակայն մենք կուսումնասիրենք գործի նյութերը և կտեսնենք, որ փաստաբանը շատ ակտիվ պաշտպանություն է իրականացրել, կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք պետք է իրականացներ, նրա նկատմամբ այնպիսի խիստ պատժի կիրառումը, ինչպիսին նախորդի դեպքում է՝ արտոնագրի դադարեցումը, անթույլատրելի է: Դրա համար նա ավելի մեղմ պատիժ կստանա:

Նախկինում գործող օրենքի համաձայն' փաստաբանի արտոնագիրը կարող էր դադարեցվել, եթե 1 տարվա ընթացքում նա 3 անգամ ենթարկվեր կարգապահական պատասխանատվության: Դրանից հետո Փաստաբանների պալատի խորհուրդը պետք է դիմեր կարգապահական հանձնաժողովին և եթե ստանար թույլտվություն, նոր կարող էր դադարեցնել: Պատկերացնո՞ւմ եք դա ինչ բարդ և ժամանակատար գործընթաց է: Իսկ փաստաբանը, կատարելով կոպիտ խախտում, այդ ամբողջ ընթացքում նորից կշարունակեր իր գործունեությունը, որն անթույլատրելի է:

Փաստաբանը պետք է որակավորման քննություն հանձնի, այսօր նաև՝ փաստաբանական դպրոցում սովորի: Փաստաբանն ամեն տարի պարտադիր պետք է ստանա 24 ժամ շարունակական կրթություն, պետք է ենթարկվի Փաստաբանության մասին օրենքին, վարքագծի կանոնգրքին, պայքար մղի փողերի լվացման դեմ: Փաստաբանն իրավունք չունի փաստաբանական գաղտնիք հրապարակել, իր հոնորարը կիսել ոչ փաստաբան անձանց հետ, որովհետև դա կոռուպցիոն ռիսկեր է իր մեջ պարունակում:

Պարտականություններից բացի կան նաև դրական բաներ՝ փաստաբանի գրասենյակը չեն կարող խուզարկել և առգրավել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են անձի պաշտպանությանը, որպեսզի չխախտվի փաստաբանական գաղտնիքը և այլն:

Իրավաբանը չի օգտվում այս դրական բաներից, նաև՝ պարտավորություններ չունի վստահորդի առաջ,ինչպես նաև՝ իրավաբանի հոնորարները չեն վերահսկվում ոչ մեկի կողմից: Նա չի ենթարկվի պատասխանատվության, եթե փաստաբանական գաղտնիք խախտի, միևնույն գործով շահերի հակասության դեպքում երկու կողմերին ներկայացնի, իսկ փաստաբանն այդ իրավունքը չունի և կարող է դադարեցվել փաստաբանի արտոնագիրը:

Փաստաբանների պալատը նախորդ տարի և այս տարի քանի՞ կարգապահական վարույթ է հարուցել փաստաբանների դեմ և ի՞նչ պատիժներ են սահմանվել:

Անցյալ տարի 33 կարգապահական վարույթ է իրականացվել: Եղել են տարբեր պատիժներ՝ նկատողություն, խիստ նկատողություն, արտոնագրի դադարեցում, նաև եղել են դեպքեր, որ մենք գտել ենք, որ փաստաբանի գործողություններում վարքագծի կանոնների խախտումներ չեն արձանագրել:

Այս տարի հարուցել ենք 6 կարգապահական վարույթ, դեռ քննությունը չի սկսվել, որովհետև նոր ենք ընդունել գործերը բաշխելու կարգը: Դա բարդ գործընթաց է, պետք է այնպես բաշխես, որպեսզի օբյեկտիվ քննվի:

Կարգապահական վարույթները հարուցում է Փաստաբանների պալատի նախագահը՝ դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, բայց ինքը չի մասնակցում գործի քննությանը, դա անում է պալատի խորհուրդը և խորհուրդն է որոշում՝ կա վարքագծի կանոնակարգի խախտում, թե՝ ոչ: Վերջին ժողովի ժամանակ ընտրեցինք փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթի գործ նախապատրաստող 20 անձանց:

Վերջերս  համագործակցության հուշագիր ստորագրեցիք ոստիկանության հետ, որը միանշանակ չընդունվեց:

Դա համարում եմ ընդամենը Փաստաբանների պալատի նախագահի դեմ դժգոհ մարդկանց արտահայտվելու ձև: Հուշագրի ստորագրման նպատակները գրված են հուշագրում և դրանց մեջ որևէ վատ բան չկա, ինչո՞ւ են դժգոհում:

Ասում են, որ չի աշխատի:

Եկեք փորձարկենք, նոր ասենք՝ չի աշխատի:

Նախաձեռնությունը ո՞ւմն էր:

Նախաձեռնությունը եղավ այն բանից հետո, երբ նոյեմբերին հեռուստատեսություններից մեկում հարցազրույցի էի, խոսք գնաց այն մասին, որ լինում են դեպքեր, երբ փաստաբանը գնում է,  ոստիկանության շենքի առջև կանգնում է և իրեն չեն թողնում ներս մտնել, ասում են' պետն այստեղ չէ, իսկ փաստաբանի վստահորդը գտնվում է ներսում և չի ստանում անհրաժեշտ իրավաբանական օգնություն: Սա իրավունքի կոպիտ խախտում է, և ես դիմեցի ոստիկանապետին, որ եթե լսում է, արձագանքի և նման երևույթները վերացնենք: Ինքը արձագանքեց և հուշագիրը պատրաստվեց:  

Ի դեպ, հուշագիրը ստորագրելու հաջորդ օրը մի դեպք եղավ. փաստաբան Կարապետ Աղաջանյանին մեկ ժամ Երևան քաղաքի վարչությունում թույլ չէին տվել, որ մուտք գործի իր վստահորդի մոտ, հարցը լուծվեց անմիջապես՝ մեկ հեռախոսազանգով: Հիմա ավելի լավ է փաստաբանը գնա դռան մոտ կանգնի, ներս չթողնե՞ն, բողոքներ գրի ամիսներ շարունակ, թե՞ արագ լուծում տրվի այդ հարցին:

Մենք տեսնում ենք, որ մեզ և ոստիկանական համակարգին վերաբերող օրենքներում լինում են հակասություններ, բացթողումներ, որոնք խոչընդոտում են մեր աշխատանքին և երբեմն խախտում մարդու իրավունքները: Վատ նախաձեռնությո՞ւն է իրավական ակտերի համատեղ մշակման նախաձեռնությամբ հանդես գալը: Ի՞նչն է այստեղ վատ:

Ամենաշատը ես կարևորում եմ արագ արձագանքման միջոցառումները: Մի՛ խախտիր իմ իրավունքները, իսկ եթե փաստաբանն է խախտում ոստիկանի իրավունքները, իրենք պետք է վարվեն օրենքի շրջանակներում:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am