Ընտրության գործընթացը մատչելի դարձնելը ոչ թե խնդրանք է, այլ՝ պահանջ

Հարցազրույց «Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանի հետ

Ձեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, հաշմանդամ մարդկանց՝ օրենքով ամրագրված ընտրելու իրավունքը որքանո՞վ է ապահովվում գործնականում:

Մենք ավելի քան 10 տարի է զբաղվում ենք հաշմանդամների ընտրական իրավունքով: Օրենսդրական դաշտը և այն, ինչ իրականում մենք ունենք, չեն համապատասխանում միմյանց:

Ներկայումս մենք իրականացնում ենք դրամաշնորհային ծրագիր, որի շրջանակներում եղել ենք ՀՀ բոլոր մարզերում, փորձել ենք հասկանալ՝ ի՞նչ է արվել նախորդ ընտրություններից հետո, արդյոք եղե՞լ է ցանկություն որևէ բան անելու կամ որևէ մեկը հիշե՞լ է արդյոք հաշմանդամների մասին: Ցավոք, արդյունքներն այդքան գոհացնող չէին, դրական դինամիկա չկար: Բայց վերջին 1-2 ամիսներին նկատվեց որոշակի հետքրքրվածություն պետական մարմինների և քաղաքական կուսակցությունների կողմից, որոշակի արդյունքներ եղան, որն ինձ համար ոգևորիչ է:

Անցյալ տարի, երբ քննարկվում էր Ընտրական նոր օրենսգիրքը, այդ հետաքրքրվածությունը կա՞ր: Հաշմանդամության խնդրով զբաղվող կազմակերպությունները ներգրավվա՞ծ էին օրենքի քննարկման փուլում:

Ես և հաշմանդամության խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցել ենք այդ քննարկումներին և փորձել ենք նաև մեր առաջարկները տեղ հասցնել: Բայց, ցավոք, մեր և քաղաքական կուսակցությունների հետաքրքրությունները և պատկերացումները շատ տարբեր են:

Ի՞նչ առաջարկություններ եք արել:

Մենք առաջարկել ենք օրենսգրքում «հավասար ընտրություններ» բառակապակցության կողքին դնել «մատչելի» բառը: Միայն դա է եղել մեր առաջարկությունը: Շատերի համար դա գուցե կարևոր չէ, և նրանք «հավասար» բառի մեջ տեսնում են նաև «մատչելի» իմաստը, բայց ՄԱԿ-ի հաշմանդամ անձանց կոնվենցիայում հստակորեն շեշտված է «մատչելի» բառը, որ «քվեարկության ընթացակարգերը, վայրերը, միջոցները լինեն մատչելի ու դյուրին՝ հասկանալու ու գործածության համար»:

Մեր Ընտրական օրենսգրքում մատչելի բառը կա միայն 15 հոդվածի 5-րդ կետում, որտեղ մատչելիության պատասխանատվությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վրա: Բայց գրված չէ՝ ո՞վ պետք է պահանջի, ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներ կան, ո՞վ է վերահսկելու...։

Մենք մարզերում հանդիպումների ժամանակ արձանագրեցինք, որ ՏԻՄ-երը կարծես թե պատրաստ չեն դրան: Պատճառաբանությունները շատ տարբեր են՝ սկսած ֆինանսների բացակայությունից: Օրենքը կարծես թե կարգավորում է, բայց որևէ նախաձեռնություն չկա: Մենք հանդիպում ունեցանք նաև ԿԸՀ նախագահի հետ, ներկայացրեցինք խնդիրը: Նա ասաց, որ իրենք նույնպես կփորձեն աշխատանքներ ծավալել ընտրությունների մատչելիության ապահովման համար՝ համագործակցելով ՏԻՄ-երի հետ:

Տեղաշարժման դժվարություններ ունեցող քանի՞ ընտրող կա Հայաստանում:

Հայաստանում այս պահին հաշվառված հաշմանդամների թիվը 173.356 է, որից մոտ 164 հազարն ունեն ընտրելու իրավունք: Դրանցից 11.033-ը 1-ին կարգի հաշմանդամներ են, ովքեր հիմնականում շարժվելու դժվարություններ ունեն, երկրորդ կարգի հաշմանդամների թիվը 85.783 է, որի մի մասը նույնպես հենաշարժողական խնդիրներով են: Սա լուրջ թիվ է:

2003թ. ընտրատեղամասերը եղել են անմատչելի 97 %, հիմա՝ 95 %-ով են անմատչելի, այդ 2 տոկոսը մենք կառուցել ենք IFES –ի աջակցությամբ: 2003թ. մինչև օրս ոչինչ չի փոխվել, և համատարած անտարբերությունը միայն ընտրություններին չի վերաբերվում:

Հաշմանդամների խնդիրները որքանո՞վ են արտացոլված կուսակցությունների ծրագրերում:

Ես մեկ առ մեկ նայել եմ բոլոր ծրագրերը: Բոլորի մոտ ամեն հարցի անդրադարձ կա՝ մինչև անգամ գլոբալ տաքացմանը: Բայց քիչ թե շատ ակտիվ 75 կուսակցությունից 10 կուսակցության մոտ կա շեշտված «հաշմանդամ» բառը, որը թվարկված է ծերերի, բռնադատվածների, անօթևանների շարքում: Իսկ այդ խմբերը լրիվ տարբեր պահանջներ ու խնդիրներ ունեն: Միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերում է հաշմանդամի մասին գրված, որ նրա համար պետք է ստեղծվի հավասար պայմաններ՝ կրթություն, աշխատանք և կենսագործունեության այլ պայմաններ ստեղծելու համար:

Մեր մոտեցումները ճիշտ չեն: Մենք չգիտենք նույնիսկ՝ ով է հաշմանդամը: Մենք վավերացրել ենք ՄԱԿ-ի հաշմանդամների կոնվենցիան և մեր օրենսդրությունն ամբողջությամբ պետք է փոխվի, հաշմանդամության ընկալման բժշկական մոդելից մենք պետք է հրաժարվենք: Իրազեկվածության խնդիրը դեռ մնում է:

Իսկ նախորդ ընտրությունների համեմատ՝ ունե՞նք դրական փոփոխություններ:

Դրականն այն է, որ որոշակի ակտիվություն և հետաքրքրվածություն կա, որն ուրախացնում է ինձ: Մի կուսակցության աջակցությամբ (անունը չենք նշում՝ քաղաքական գովազդից խուսափելու նապատակով- Մ.Ա.) արդեն 3 ընտրատեղամասում թեքահարթակներ են կառուցվել և նախատեսվում է ևս 37 տեղամասում կառուցել: Տեղամասերի ընտրությունը թողնված է մեզ վրա, պիտի ընտրենք այն տեղամասերը, որտեղ ավելի մեծ թվով հաշմանդամ ընտրողներ կան: Եւ եթե այս քանակն ապահովվի, ապա ընտրատեղամասերի մատչելիությունը 2 տոկոսով կապահովվի: Գուցե թիվը փոքր է, բայց եթե մենք ամեն ընտրությունների կարողանանք գոնե այդքան անել, ահագին բան է: Իսկ թե ինչ կանեն ՏԻՄ-երը, դեռ չգիտենք:

Շատ կարևորում եմ նաև ԿԸՀ նախագահի իրազեկվածությունը հաշմանդամների խնդիրների վերաբերյալ: Նա նաև աջակցեց թեքահարթակների կառուցման համար շինթույլտվություն ստանալու հարցում: Նախորդ տարիների շինթույլտվության ուշացման պատճառով շատ տեղերում պարզապես չհասցրեցինք թեքահարթակ կառուցել:

Ասացիք, որ հաճախ պատճառաբանում են թեքահարթակներ կառուցելու համար միջոցների բացակայությամբ, դա մե՞ծ ծախսեր է պահանջում:

Իհարկե՝ ոչ: Լավ որակի, միջազգային ստանդարտների համապատասխանող թեքահարթակի 1 մետրի կառուցման համար (բոլոր ծախսերը հաշվարկած) անհրաժեշտ է մոտ 50 հազար դրամ: Սովորական բետոնե թեքահարթակն արժե շատ ավելի էժան, իսկ եթե ամեն մեկն իր նկուղից մի քիչ շինանյութ դնի, կարող է գումար չպահանջվի: Այսինքն՝ կարևորը ցանկությունն է:

Ես ավելի քան 20 տարի է զբաղվում եմ հասարակական աշխատանքով: Ամենամեծ խնդիրը, որ մենք ունենք, ցանկության բացակայությունն է, որ մենք չենք կարևորում խնդիրը:

ԿԸՀ-ն որոշում է կայացրել, որ հենաշարժողական դժվարություններ ունեցողներին ընտրատեղամաային հանձնաժողովի նախագահը պետք է աջակցի և նա կարող է մուտքի մոտ քվեարկել:

Ամեն ինչ հնարավոր է, կարելի է և գրկած տանել ընտրատեղամաս, ինձ մի անգամ նման բան առաջարկել են: Բայց դա լավություն չէ, ես իմ իրավունքն եմ պահանջում: Երբ ես ասում եմ՝ դարձնենք մատչելի, ես չեմ խնդրում: Կա օրենք, որը պետք է կատարվի՝ ո՞վ է պատասխանատու դրա կատարման համար և ինչպե՞ս պետք է դա արվի:

Որոշ տեղերում մուտքը հարմարեցված է սայլակով հաշմանդամի համար, բայց քվեարկում են 2-րդ հարկում: Այսինքն՝ առնվազն 20 աստիճան պետք է հաղթահարել, իսկ դա տառապանք է: Պետք է մի թիմ տանես քեզ հետ, ովքեր գիտեն՝ ինչպես վարվել սայլակի հետ: Մեկ հոգին չի կարող բարձրացնել-իջեցել:

Իսկ այլ տեսակի հաշմանդամություն ունեցող մարդիկ ի՞նչ խնդիրների են հանդիպում:

Դեռ 2007թ. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք ներմուծեցինք հատուկ կաղապարով ընտրությունը կույրերի համար, որը ԿԸՀ-ն իր որոշմամբ վավերացրեց և դա ապահովում է քվեարկության գաղտնիությունը:

Լսելու խնդիրներ ունեցողների համար ընտրությունները դեռ քարոզարշավի փուլում են մնում անմատչելի, այսինքն՝ երբ չկա ժեստերի լեզվով թարգմանություն, նրանք չեն կարողանում ծանոթանան թեկնածուների ծրագրերին: Տպագիր նյութերը կարդալը նրանց տեղեկացվածության բացը չի լրացնում, որովհետև որոշ բառեր իրենց համար հասկանալի, ընկալելի չեն և իրենց պետք է բացատրել, թե ինչի մասին է խոսքը: Սա իրենց պահանջն է:

Խնդիրը ֆինանսների մեջ չէ, խնդիրը նախևառաջ ցանկության մեջ է: Կարծիք կա, որ հաշմանդամները չեն գնում ընտրությունների: Ո՛չ, հաշմանդամներն ավելի ակտիվ են գնում, քան ոչ հաշմանդամները: Մենք չենք նախապատրաստում ընտրատեղամասերը՝ մտածելով, որ չեն գա: Բայց գալիս են, ու շատ են գալիս: Այն պետությունը, որը հավասար պայմաններ չի ստեղծում ընտրելու, աշխատելու, սովորելու համար, ժողովրդավար չի կարող կոչվել:

Սահմանադրությունը հստակորեն սահմանում է ընտրելու իրավունքը: Պետության պարտքն է՝ այդ հնարավորությունը ստեղծել, իսկ հաշմանդամը կգնա, թե՝ ոչ, դա իր իրավունքն է:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի