ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ծննդօգնությունը հասանելի կլինի բոլոր հղի կանանց, բոլոր տեղերում»

2012-ի դեկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարը որոշում ընդունեց,
ըստ որի՝ 2013-ի մարտի 1-ից ծննդօգնության պետական հավաստագրերը պետք է գործեին տեղայնացված կարգով`վարչատարածքայինսկզբունքով: Ըստ այդմ`մարզի բնակիչն անվճար ծննդօգնություն
կստանա իր մարզում, Երևանի բնակիչը՝ Երևանում: Որոշման իրագործումը, սակայն, երկու ամսով
հետաձգվել է. այն ուժ մեջ կմտնի մայիսի 1-ից:
Որոշումն առաջացրել է կանանց դժգոհությունը։
Հատկապես որոշ մարզերում բնակվող կանայք, ում չի գոհացնում տեղի բուժհաստատությունների
վիճակը կամ մասնագետները, բողոքում են, որ զրկված են ընտրելու իրավունքից։
Թեմայի մասին hra.am –ը զրուցել
է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր
մանկաբարձ-գինեկոլոգ, Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ
Ռազմիկ Աբրահամյանի հետ:
Պարո՛ն Աբրահամյան, ծննդօգնության
պետական հավաստագրերը տեղայնացնելու մասին որոշումն ուժի մեջ պետք է մտներ մարտի մեկից,
ինչո՞ւ է երկու ամսով հետաձգվել:
Դա հետաձգում չէ: Որոշումը կայացնելու համար անհրաժեշտ են նախապատրաստական
աշխատանքներ: Այսինքն, չի նշանակում, որ որոշումն այսօր կայացվեց, այսօր դա պատրաստ
է և պետք է ներդրվի: Քննարկումները գնում էին մարտի սկզբներին, սակայն որպեսզի պրոցեսը
ներդրվեր, որոշվեց ժամանակ տալ նախապատրաստական աշխատանքների համար: Կազմվել է հստակ
ժամանակացույց, թե երբ և որտեղ պետք է իրականացվեն խորհրդատվական աշխատանքներ, իսկ
արդեն մայիսի 1-ից կներդրվի կարգը:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված
ծննդօգնության հավաստագրերը տեղայնացնելու անհրաժեշտությունը:
Որոշումը մեծ հեղափոխական բան չէ: Խոսքն այն մասին է, որ ոչ բարդացած ծննդաբերությունները,
որոնք ընթանում են նորմալ, կարիք չունեն լրացուցիչ հետազոտությունների և միջամտությունների, իրականացվեն
տեղերում: Իսկ եթե կա նորմայից որևէ շեղում, անպայման ուղեգրվեն ավելի բարձր մակարդակի
ծննդօգնության հիմնարկներ: Այդ կարգը գործում է ողջ աշխարհում:
Ծննդօգնության հիմնարկները երեք մակարդակի են դասվում, առաջինը
գյուղական, շրջանային ծննդօգնության հիմնարկներն են կամ բաժանմունքները, երկրորդ մակարդակը այսօրվա մարզային ծննդօգնության հիմնարկներն են և երրորդ մակարդակը
հանրապետական գործառույթ ունեցող ծննդօգնության հիմնարկներն են, որոնց կադրային պոտենցիալն
ավելի մեծ է, ունեն լավ կահավորված բաժանմունքներ, ժամանակակից լաբորատոր և ախտորոշիչ ու բուժական սարքավորումներ:
Շատ ծննդօգնության հիմնարկներ մարզերում համաշխարհային բանկի
ֆինանսական աջակցությամբ վերազինվել են (2009-2010թթ. հիմնանորոգվել և սարքավորումներով են ապահովվել Իջևանի, Հրազդանի, Արմավիրի, Արարատի, Աշտարակի, Գորիսի բժշկական կենտրոնները, ընթացքի մեջ են Ապարանի, Կապանի, Մեղրու բժշկական կենտրոնների վերազինումը-Հ.Բ.)։
Նպատակն է, որ նորմալ, առանց բարդությունների հղիության ընթացք
ունեցող և պլանային ծննդաբերություններն իրականացվեն տեղերում: Եթե նման ծննդաբերություններն
իրականացվեն տեղերում և հոսք չլինի դեպի Երևան քաղաք, ապա դա կբերի տեղում զբաղվածության ապահովմանը և ֆինանսների
հոսքի ավելացմանը շրջանային ծննդատներում: Իսկ բուն նպատակն է ապահովել մատչելի, հասանելի
ծննդօգնություն ազգաբնակչության բոլոր խավերի համար, բոլոր տեղերում:
Սակայն սա չի նշանակում, որ մարզի բնակիչ հղի կինը չպետք է ծննդաբերի
Երևանում: Եթե կինը ինչ-ինչ պատճառներով անհետաձգելի իրավիճակում է, օրինակ՝ սկսվել
է ծննդաբերությունը, ոչ մի մերժում չպետք է լինի: Եթե անհետաձգելի վիճակ է, եթե մտել
է ծննդաբերական գործունեության մեջ, այս կամ այն վիճակով դիմել է Երևան քաղաքի ծննդօգնության
հիմնարկներ, նրան անվճար պետք է սպասարկեն: Վճարովի լինելու է միայն այն դեպքերում,
երբ պլանային կարգով նորմալ ծննդաբերողները ցանկություն ունեն Երևանում ծննդաբերել:
Տվյալ դեպքում ծառայությունը կլինի վճարովի:
Իսկ ինչպե՞ս է լուծվելու
տեղի գրանցում չունեցող կանանց խնդիրը, օրինակ, գուցե հղի կինն ապրում է Երևանում,
բայց գրանցված է մարզային որևէ բնակավայրում:
Հաշվի ենք առնում նրա փաստացի բնակության վայրը: Շատ լավ գիտենք,
որ կարող է գրանցումը լինի մարզում, բայց ամուսնացած
է կամ փաստացի բնակվում է Երևանում, նա պետք է անվճար ծննդալուծվի Երևանի ծննդօգնության
հիմնարկներում:
Մարզի բնակիչն իրավունք ունի ընտրել տվյալ մարզի ցանկացած ծննդօգնության
հիմնարկ, նույնը և Երևանի բնակիչը:
Վերջնականապես մշակվե՞լ
է ուղեգրման կարգը, թե որ դեպքերում հղիին
պետք է Երևանյան հիվանդանոցներ ուղեգրեն:
Ուղեգրման կարգը մշակված է: Եվ հիմա մարզերում խորհրդատվական
աշխատանքներ ենք կատարում (ես` ինքս, նույնպես), թե որ դեպքերում պետք է հղի կինը ուղեգրվի
Երևան քաղաքի երրորդ կարգի ծննդօգնության հիմնարկներ և որ դեպքերում այնտեղ ծննդալուծվի,
օրինակ՝ եթե կինն ունենում է հղիության հիպերտենզիա, առաջադիր ընկերք, արգանդի սպառնացող
պատռվածքի նշաններ, անեմիաներ և այլն: Ցանկը շատ մեծ է և գտնվում է բոլոր ծննդօգնության
հիմնարկներում: Ելնելով դրանից՝ պետք է ուղղորդվեն և ուղեգրեն կամ պահեն տեղում ծննդալուծման:
Նպատակն է այնպես անել, որ որևէ կին, հղի, նորածին չտուժի:
Նշեցիք մարզային հիվանդանոցների
տեխնիկական վերազինման մասին, իսկ կադրային առումով վիճակն ինչպիսի՞ն է, արդյո՞ք բոլոր
հիվանդանոցներն ապահովված են որակյալ կադրերով:
Դա բոլոր ոլորտներում հուզող հարց է, այդ թվում՝ առողջապահության:
Նախարարությունն ունի կադրային բանկ, նույնիսկ մշակված է քաղաքականություն, երբ հարկ
եղած դեպքում մասնագետին Երևանից մարզեր ենք ուղեգրում, և ուղեգրված մասնագետին նախարարությունը
բարձր աշխատավարձ է տալիս նախարարության ֆոնդերի հաշվին:
Մարզային շատ հիվանդանոցներում ունենք շատ լավ մասնագետներ:
Կարող է, ինչ-որ տեղ մանկաբարձ-գինեկոլոգի կարիք լինի, բայց այնպիսի տեղ, որտեղ չլինի
մասնագետ մանկաբարձ-գինեկոլոգ, չունենք: Շնորհիվ բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի ունենք ծննդօգնության ցուցանիշներ, որոնք համարյա թե մոտ
են Եվրոպայի զարգացած երկրների ծննդօգնության ցուցանիշներին: Դրա փայլուն օրինակն այն
է, որ եթե 10 տարի առաջ տարեկան բացարձակ թվերով
ունենում էինք 30-35 մայրական մահացություն, ապա վերջին տարիներին 3-4 դեպք է գրանցվում,
այն էլ՝ ոչ թե մանկաբարձական պատճառներով, այլ ուղեկցող հիվանդությունների պատճառով:
Մարզերում կան ծննդօգնության հիմնարկներ, օրինակ՝ Գեղարքունիքում,
Շիրակում, Արմավիրում, Արարատ և Գորիս քաղաքներում, որ մենք` Երևանի ծննդօգնության
հիմնարկների բժիշկներս, կերազեինք նման հիվանդանոցում աշխատել. տեխնիկայի վերջին խոսքով
զինված են:
Տեղյա՞կ եք, հանրության
արձագանքը որոշմանն ինչպիսին է: Եվ ըստ Ձեզ, ինչո՞ւ են շատերը ձգտում երևանյան հիվանդանոցներում
ծննդաբերել:
Կարծում եմ, մարդկանց արձագանքը դրական պետք է լինի, քանի որ
եթե տեղում լավ պայմաններ կան, որտեղ կարող են նորմալ ծառայություններ մատուցել, ապա
ազատվում են հնարավոր ծախսերից, որ պետք է
կատարեին տրանսպորտի վրա Երևան հասնելու համար:
Որևէ հեռավոր բնակավայրից նորմալ ծննդաբեր Երևան չի գալիս: Ուղարկում
են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ո՞վ կարող է Մեղրիից, Բերդից կամ այլ բնակավայրից
գալ այստեղ ծննդաբերելու, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Հիմնականում Երևանին հարակից
բնակավայրերի բնակիչներն են նախընտրում երևանյան ծննդօգնության հիմնարկներ դիմել: Օրինակ՝
Արգավանդի բնակչին ավելի հարմար է «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոն դիմել, կամ
Զովունի գյուղի բնակչին ավելի հարմար է «Արմենիա» ԲԿ հասնել, քան թե՝ Եղվարդ: Այս բնակիչների
խնդիրն է: Բայց դա չի նշանակում, որ եթե կինը ծննդաբերության մեջ եկավ այստեղ, դուռը
թակեց, չպետք է ընդունենք:
Արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր
չեն առաջանում սահմանված բացառությունների
պարագայում:
Ի՞նչ կոռուպցիոն ռիսկի մասին է խոսքը, եթե պարզ գրվելու է, որ
բոլոր այն կանայք, ովքեր գտնվում են ծննդաբերության մեջ, ունեն ցավեր, դիմել են Երևան
քաղաքի ծննդատներ, պետք է ընդունեն: Ոչ մի առարկում ոչ մի տեղ չպետք է լինի:
Հարցազրույցը՝ Հայկուհի Բարսեղյանի