Դատախազությունն ընդդեմ տուժողի

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է  դռնփակ դատական կարգով ընթացող՝ անչափահաս աղջկան բռնաբարելու եւ խոշտանգելու  փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Դեկտեմբերի 14-ին մեղադրանքի և պաշտպանական կողմերը հանդես են եկել Ճառերով։ Մեղադրող կողմը՝ հիմնավորված է համարել անչափահաս դստերը բռնաբարելու և խոշտանգելու համար մեղադրվող հոր մեղքը և 7 տարվա ազատազրկում պահանջել դատարանից։
 
Հիշեցնենք, որ հայրը, թեև ոստիկանությունում ենթարկվել է անմարդկային խոշտանգումների, սակայն «մեղքը» չի ընդունել, իսկ 18 և 22-ամյա աղջիկները չեն դիմացել ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում 4 օր շարունակվող խոշտանգումներին (կարդացեք մեր նախորդ հոդվածխներում) և «ընդունել են իրենց մեղքը»։ Ավելի ուշ նրանք բողոքով դիմել են գլխավոր  դատախազություն՝ ոստիկանության բաժանմունքում իրենց նկատմամբ կիրառված բռնությունների միջոցով ցուցմունքներ կորզելու փաստերի վերաբերյալ։
 
Հոր՝ Ս. Դ.-ի շահերը դատարանում ներկայացնող Խանում Մկրտչյանը պնդում է, որ մեղադրանքն անհիմն է, և ինչպես քրեական գործում, այնպես էլ դատարանում մեղադրանքը հիմնավորող ապացույցներ գոյություն չունեն։ Գլխավոր դատախազությունը մեղադրանքը հիմնավորված է համարել՝ ամբողջությամբ ապավինելով Հասմիկ անունով մի կնոջ, որին իբր աղջիկը պատմել է իր հետ կատարվածի մասին։ Հիշյալ վկան դատարանում հակասական ցուցմունքներ է տվել։
 
«Մեղադրող կողմը որևէ հիմնավորում չուներ, պարզապես ընթերցվեցին հատվածներ մեղադրական եզրակացությունից», մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը։
 
Հավելենք նաև, որ մեր տեղեկություններով, Հասմիկ անունով այս վկան սերտորեն համագործակցում է ոստիկանության գլխավոր դատախազության հետ։ Ավելին, մեր տեղեկություններով, այս կինը պարբերաբար դատարան է եկել գործով քննիչ Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև այս գործի «խոշտանգումների գծով» գլխավոր դերակատարներից մեկի՝ Էրիկ Պողոսյանի մեքենաներով և ուղեկցությամբ (վերջինս հանրությանը հայտնի դարձավ «7-ի» տխրահռչակ գործերից և Տիգրան Առաքելյանի գործով որպես տուժող ճանաչված ոստիկան)։
 
Դեռևս նախաքննության փուլում տուժող աղջիկները գլխավոր դատախազությանը դիմում-բողոքներ են ուղղել իրենց նկատմամբ կիրառված խոշտանգումների փաստերի վերաբերյալ, սակայն դրանք անհետևանք են մնացել։ Մամուլը ևս անդրադարձել է 18 ամյա աղջկան խոշտանգելու փաստին, սակայն գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներին թերեւս մոտենում է ընտրովիության սկզբունքով:
 
Դատական վիճաբանությունների փուլից առաջ, նոյեմբերի 30-ին գլխավոր դատախազությունը մի տեղեկանք էր տարածել, որտեղ անդրադարձ կար «Իրավունք» թերթի հրապարակումների հեղինակին՝ Ա.Աբգարյանին, ով նաև դատարանում հանդես է գալիս որպես տուժող կողմի (աղջիկների) ներկայացուցիչ։ Տեղեկանքում նշվում էին վերջինիս կողմից կատարված ինչ որ օրենքի խախտումներ. «տուժողի ներկայացուցիչ Ա. Աբգարյանը, դուրս գալով տուժողի ներկայացուցչին վերապահված դատավարական գործառույթների շրջանակներից, իրականացնում է ըստ էության ամբաստանյալի պաշտպանին  բնորոշ գործողություններ»: Ակնհայտ է, որ դատախազությունն այս տեղեկանքը տարածել է մեկ նկատառումով՝ ուժի ցուցադրությամբ մեղադրանքը ևս մեկ անգամ վերահաստատելու և հասարակական կարծիք ձևավորելու միտումով։
 
Դեռևս դռնփակ դատական նիստ հայտարարելու օրը դատախազության ներկայացուցիչներ Արթուր Ղամբարյանն ու Սերգեյ Սարգսյանը սպառնալից տոներով էին խոսում տուժողի ներկայացուցչի հետ՝ ցուցադրելով իրենց գերազանց իրավաբանական իմացությունը։ Հնարավոր է, որ Աբգարյանն ինչ որ տեղ զիջում է իր իրավական գիտելիքներով, սակայն նրա ջանքերն ուղղված են արդարադատության իրականացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչը խիստ պակասում է Հատուկ քննչական ծառայությանն ու գլխավոր դատախազությանը։
 
Գլխավոր դատախազության տարածած տեղեկանքին հանգամանորեն անդրադառնալու անհրաժեշտություն չկա։ Այն արտացոլում է մեղադրական եզրակացությունը, սակայն ուզում ենք նշել տեղեկանքում տեղ գտած մի դրվագի մասին. «2009 թ. մայիսի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել քրեական գործով տուժող Շ. Դ.-ն...», ասված է տեղեկանքում, սակայն Շ.Դ-ն կամավոր չի ներկայացել ոստիկանություն։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել խաբեությամբ։
 
Այս գործի վերաբերյալ հիշեցնենք մի կարևոր հանգամանք ևս. երբ սեպտեմբերի 1-ին մեկնարկել էր դատավարությունը, ոստիկանական ուժերը՝ գլխավոր դատախազության լուռ համաձայնությամբ, փորձել էին հենց դատարանի շենքից առևանգել 18-ամյա աղջկան։ Հարց է առաջանում. ինչո՞ւ։ Հարցի պատասխանը նույնքան պարզ է. խոշտանգման ևս մեկ սեանս անցկացնել ու ահաբեկել, որպեսզի աղջիկը չհրաժարվի նախաքննական ցուցմունքներից։ Դրա վկայությունն այն է, որ նրանց հաջողվել էր առևանգել ու  շուրջ մեկ ժամ պատանդ պահել քրոջը, ումից պահանջել էին ասել այն, ինչ ուզում են լսել։ Վկաներին առևանգելու իրավապահ մարմինների փորձին ու հմտություններին մենք լավ ծանոթ ենք մարտիմեկյան խայտառակ դատավարությունների ընթացքից։ Այնպես որ, շատ ժամանակ չի անցել, և այդ փորձը կիրառելի է, հատկապես անպաշտպան խավի նկատմամբ։
 
Ի դեպ, սեպտեմբեր ամսին ոստիկանական ուժերի կողմից դատարանի վրա  կազմակերպած գրոհի ու հետապնդումների փուլում, 18-ամյա Շ.Դ.-ն և գործով վկա հանդիսացող քույրը՝ Թ.Դ.-ն դիմել են նաև Մարդու իրավունքների գրասենյակ և իրենց նկատմամբ ոստիկանության բաժանմունքում կիրառած խոշտանգումների վերաբերյալ բացատրություններ գրել։ Օմբուդսմենի գրասենյակն էլ իր հերթին ընթացք է տվել՝ դիմելով Հատուկ քննչական ծառայությանը։ Ինչպես և պետք էր սպասել, ստացված պատասխանը հետևյալն է. «Վկա Թ.Դ-ի կողմից գլխավոր դատախազությանն ուղղված փաստերը՝ իրենց նկատմամբ սպառնալիքների և բռնության գործադրմամբ ցուցմունքներ կորզելու վերաբերյալ, նախաքննության ընթացքում ստուգվել և հերքվել են»։ Այս դեպքում ՀՔԾ-ն նույնիսկ ձևականորեն չի կատարել օրենքով իրեն վերապահված գործողությունները։
 
Փաստաբան Խանում Մկրտչյանի համար անհասկանալի է ՀՔԾ-ի այսօրինակ պատասխանն այն դեպքում, երբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։ «Որևէ մեկին չեն կանչել հարցաքննության, ոչ հորը և ոչ էլ աղջիկներին։ Նրանք պարտավոր էին քննիչի գործողությունների վերաբերյալ նյութեր նախապատրաստել, հարցաքննություններ իրականացնել խոշտանգման վերաբերյալ փաստերը հերքելու կամ հաստատելու համար», ասում է փաստաբանը։
 
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13։00 Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում(ք.Աշտարակ)՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, կհրապարակվի այս գործով դատավճիռը։ Դատավճռի հրապարակումը տեղի կունենա դռնբաց դատական նիստում։ Կկարողանա՞ արդյոք դատարանը զերծ մնալ դատախազության ճնշումներից և արդարադատություն իրականացնել։ Այս հարցի պատասխանը բոլորն էլ գիտեն, սակայն ավելի լավ է հուսալ, որ ամեն բան հնարավոր է։

Ժաննա Ալեքսանյան

 
Հ.Գ. Ակամայից հիշում ես տարիներ առաջ, 2004 թ-ին Վանաձոր քաղաքից Արմեն Պետրոսյանի գործով (դատապարտվել էր մանկահասակ աղջկան բռնաբարելու համար) կայացրած արդարացման դատավճռի մասին։ Նրանից էլ խոշտանգումներով ցուցմունքներ էին կորզվել, մեղադրանքը հաստատել և ազատազրկել։ Մեղադրանքը հաստատել էր նույն գլխավոր դատախազությունը՝ նույն ղեկավարով։ Սակայն շուրջ 6 տարի անց հայտնաբերվել էր իրական հանցագործը, և Արմեն Պետրոսյանի նկատմամբ արդարացման դատավճիռ էր կայացվել։ Կարճ ասած, այս գործի ավարտն ավելի ռոմանտիկ էր, քան սկիզբը։ Ազատվելուց հետո Արմեն Պետրոսյանի հետ հատուկ հանդիպում էր կազմակերպել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով և Արմենի կորցրած տարիներն ու բարոյական վնասը փոխհատուցել էր ՝ նվիրելով նրան Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» վեպը։ Հաշվի առնելով հանգամանքը, որ այս գործն էլ կարող է ստանալ հասարակական հնչեղություն, չի բացառվում դատական այլ ելքը։ Եվ ուրեմն դատախազը դեռ ժամանակ ունի խորհելու, թե ինչ գեղարվեստական ստեղծագործությամբ ներկայանա հանրությանն այս անգամ։