ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում. անհրաժեշտ են բարեփոխումներ

Պայմանական վաղաժամկետ ազատվողների թիվը կտրուկ նվազել է վերջին 5 տարիների ընթացքում. եթե 2006 թվականին ազատվել էին պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորություն ունեցող դատապարտյալների 22 տոկոսը, ապա 2010 թվականին՝ միայն 7 տոկոսը:

Այս տվյալները հրապարակվել են Քաղաքացիական հասարակության ինստիտուտի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը ՀՀ-ում» հետազոտության մեջ, որի համաձայն պատճառը հիմնականում այն է, որ վարչական հանձնաժողովներն իրենց որոշումներում առաջնորդվում են անկախ հանձնաժողովի «չափանիշներով» և չեն ներկայացնում դատապարտյալների այն կատեգորիաներին, որոնք, որպես կանոն, մերժվում են անկախ հանձնաժողովների կողմից։
Աղյուսակից պարզ երևում է, որ անկախ հանձնաժողովին պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացվող առանց այդ էլ քիչ մարդկանցից դատարանի որոշմամբ ազատ են արձակվում մոտավորապես 30%:
ՔՀԻ իրավաբան Արման Զրվանդյանը նշեց, որ բացառապես տուժողին պատճառած վնասը հարթած չլինելու հանգամանքը չի կարող բավարար հիմք հանդիսանալ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատումը մերժելու համար:

Մի շարք Եվրոպական երկրներում գերակայություն ունի ուղղման հանգամանքը, այսինքն եթե քրեակատարողական հիմնարկը իր ուղղիչ նպատակին արդեն հասել է, ապա դատապարտյալը պետք է ապրի հասարակությունում»,- ասաց Զրվանդյանը:
Հետազոտության արդյունքում ՔՀԻ-ն առաջարկում է փոփոխություններ իրականացնել երեք փուլերով: Նախ պետք է վերանայել ներկայումս պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում որոշում կայացնող մարմինների որոշ լիազորությունները, կազմը, ընթացակարգերը, ինչպես նաև մշակել և ներդնել նոր գործիքներ:
«ՔԿՀ-ն անհրաժեշտ է հանել պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնող մարմինների շարքից: Օրենքով սահմանված ժամկետը լրացած դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում ՔԿՀ-ը պարտավոր է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել անկախ հանձնաժողովի քննարկմանը: Փաստաթղթերը պետք է ներառեն՝ ՔԿՀ ստանդարտացված կարգով իրականացրած գնահատականը՝ դատապարտյալի վարքագծի, իրականացված աշխատանքների և դրանց ներգործության արդյունքների, օրինապահ կյանքով ապրելու պատրաստվածության աստիճանի վերաբերյալ»,- գրված է առաջարկությունների մեջ:
Երկրորդ փուլով Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայության իրականացումն է ենթադրում: Այս փուլում ՔԿՀ-ն իրականացնում է ՔԿՀ-ում պահվելու ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծի, կատարված աշխատանքների և դրանց ներգործության արդյունքների գնահատումը:
«Գնահատման արդյունքներն ուղարկվում են անկախ հանձնաժողովին: Ազատվելուց հետո դատապարտյալի կողմից կրկին հանցանք կատարելու ռիսկի գնահատումն իրականացնում է պրոբացիայի ծառայությունը, և առաջարկվող պայմանների հետ միասին իր հիմնավորված եզրակացությունն ուղարկում է անկախ հանձնաժողովին: Հանձնաժողովը, գնահատելով ստացված նյութերը՝ եզրակացություն է կազմում դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու կամ ազատումը մերժելու վերաբերյալ» ,- նշվում է առաջարկությունների մեջ:
Վերջին փուլում պետք է երաշխավորել ՔԿՀ-ի և պրոբացիայի ծառայության արդյունավետ գործունեությունը, որի արդյունքում անկախ հանձնաժողովի գործառույթների կարիքը կարող է չլինել:
Փաստաբան Նարինե Ռշտունին ներկայացրեց իր պաշտպանյալ Մանուկ Սեմերջյանի օրինակը, ով արդեն 20 տարի է ազատազրկված է և լրացել է օրենքով նախատեսված իր վաղաժամկետ ազատման հարցը քննարկելու ժամկետը։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը հաշվի չառավ Սեմերջյանի փաստաբան Նարինե Ռշտունու փաստարկները, որ օրենքով Սեմերջյանն իրավունք ունի օգտվելու պայմանական-վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից, և որ ոչ մի հոգեբանական եզրակացություն չկա, որ Սեմերջյանը վերջին 5 տարիներին այնպես է իրեն պահել, որ այսօր իրական վտանգ է ներկայացնում հասարակության համար։
«Բացի այդ պատճառ են բերում, թե Սեմերջյանը չի փոխհատուցել տուժողին պատճառած վնասը: Մենք փնտրել ենք տուժողին ու չենք գտել, բացի այդ 20 տարիների ընթացքում ոչ մի հնարավորություն չեն տվել, որ ինքը գումար վաստակի ու փոխհատուցի պատճառած վնասը»,- պնդում է Ռշտունին:
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը, չնայած ներկայացրած թվերին ու թերություններին, համարեց, որ նախարարությունը մի քանի քայլ առաջ է այս հարցում:
«Արդեն իսկ օրենսդրական նախագծեր են մշակված, որոնք ներկայացված են ԱԺ քննարկմանը, չգիտեմ այս նստաշրջանով կանցնեն, թե ոչ, բայց համոզված եմ, որ աշնանային նստաշրջանի ժամանակ դրանք քննարկման հաստատ կդրվեն»,- հավաստիացրեց Առուստամյանը: Նա հայտնեց, որ Արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկել իրենց մշակած իրավական ակտերին առնչվող բոլոր առաջարկությունները:
ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը նշեց, որ իրենք համամիտ չեն այդ օրենսդրական նախագծերում տեղ գտած մի շարք դրույթների հետ, որոնց վերաբերյալ առաջարկությունները շուտով կներկայացվեն նախարարության և հանրության ուշադրությանը:
Ուսումնասիրությունը պատրաստվել և հրապարակվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Կարինե Իոնեսյան
