NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախանձեռնության հայտարարությունը
Արցախի խնդրի «կարգավորման» շուրջ բանակցություններն ու կատարված
հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ Թուրքիան և Հայաստանի հանրապետության
հանցագործ ռեժիմը փորձում են հայ ժողովրդին պարտադրել ազատագրված Հայրենի
տարածքների հանձնում:
Այսօրվա հանցագործ վարչախումբը լուծում է միայն մեկ խնդիր. իր ոչ լեգիտիմ
կարգավիճակի, կատարված ապօրինությունների, հանցագործությունների և թալանի
օրինականացման փորձ:
Իրավիճակը խիստ մտահոգիչ է, և պահանջում է ազգային ներուժի կենտրոնացում:
Յուրաքանչյուր հայրենազգաց և ազգի ապագայով մտահոգ հայորդի պետք է հստակորեն
գիտակցի պահի լրջությունը և պատասխանատվությունը.
- Արցախը (ԼՂՀ և ազատագրված տարածքներ) Հայոց հայրենիքի անբաժան մասն է, Հայաստան
պետության անկախության և անվտանգության կարևորագույն երաշխիքը: - Երկրի խաղաղության և կայունության միակ գրավականը ազատագրված հայրենի հողերի
բացառապես հայկական վերահսկողությունն է: - Ռազմաճակատի խաղաղությունը արդյունք է հայ զենքի հաղթանակի, այլ ոչ օտարների
միջնորդական ջանքերի: - Ով կոչ է անում հողային զիջումների, կոչ է անում տարածաշրջանային
հավասարակշռության խախտման, այսինքն պատերազմի վերսկսման: - Զիջել Ադրբեջանին տարածքներ, նշանակում է հնարավորություն տալ նրան վերսկսել
պատերազմական գործողությունները: - Զիջելով հողեր, մենք զիջում ենք իրական և շոշափելի երաշխիքներ, փոխարենը ստանում
ենք աներաշխիք խոստումներ: - Ով ցանկանում է խաղաղություն, պետք է պատրաստ լինի պատերազմի՚ առաջնորդվենք
ազատագրված հողերը չզիջելու գաղափարով: - Պատերազմը կսկսվի Ադրբեջանին հողեր զիջելուց անմիջապես հետո: Միջազգային
հանրության դատապարտումները որևէ իրական արժեք չեն ունենա: - Հողային զիջումների կողմնակիցները կամա թե ակամա կողմ են Գորիսի, Կապանի և Մեղրու
շրջանների ռմբակոծմանը: - «Գրավյալ տարածք» ասող հայը թրքատիպ կամ մոլորյալ հայ է: Այդ տարածքներին հայերը
ասում են «ազատագրված հողեր»: - Խաղաղապահ ուժերը սեփական աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող պետությունների
գրավման զորքեր են (դրա վառ օրինակը սերբական Կոսովոն է): Թողնել նրանց մուտքը
Երկրի կարևորագույն ռազմավարական տարածքներ, նշանակում է Հայրենիքը դնել օտարի
վերահսկողության տակ: - Ոչ մի «խաղաղապահ» միջազգային ուժ դեռ ոչ մեկին չի պաշտպանել հակառակորդի
հարձակումից: Հիշի’ր Սերբական Կրաինան, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Լիբանանի
հարավը, Մակեդոնիան… - Մինչև այսօր կայուն խաղաղություն է, բայց խաղաղապահ ուժեր չկան: Վաղը կարող են
խաղաղապահ ուժեր լինեն, իսկ խաղաղություն չլինի: - ՀՀ-ի ու Արցախի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը երբեք կախված չեն ղարաբաղյան
հարցի «կարգավորումից»: Դա առասպել է, որը նպատակ ունի թմրեցնելու հայերիս
զգոնությունը: Աշխարհում կան տասնամյակներ շարունակվող, չկարգավորված բազմաթիվ
հակամարտություններ (Իսրայել-Սիրիա, Իսրայել-Լիբանան, Կիպրոս, Քաշմիր, Կուրիլներ,
Հյուսիսային Իռլանդիա, ևն.), որոնք բնավ չեն խանգարում հակամարտող երկրների
համակողմանի զարգացմանը: - Ով ճանաչում է թուրքի էությունը, նա չի կարող հավատալ վերջինիս խոսքին և
հայ-թուրք բարի դրացիությանը: Եվ ով դեռ կերակրվում է օտարների միջնորդական
հավաստիացումներով, նա անճանաչ է գոնե մեր պատմությանը: - Ով ուզում է, որ 21-րդ դարը սկսվի և անցնի առանց հայկական ողբերգությունների (որոնք,
տարօրինակ «օրինաչափությամբ», միշտ հետևում են միջազգային երաշխիքներին,
համաձայնագրերին ու «հայանպաստ» որոշումներին), դրա համար պետք է հրաժարվի զիջելու
գաղափարից և լծվի ազատագրված տարածքները համակողմանիորեն յուրացնելու գործին: - Ադրբեջանական այսօրվա ռազմատենչ աղմուկ-աղաղակը հոգեբանական ներգործման միջոց է,
որը նպատակ ունի մեզ վախեցնելով պարտադրել պարտվողական համաձայնագիր: - Չկան Հայաստանի և Արցախի առանձին շահեր, կա հայ ժողովրդի մնայուն և միասնական շահ:
Արցախի հարցը համահայկական հարց է: Իսկ ղարաբաղցի-հայաստանցի հակադրման սերմանումը
թշնամական արտաքին ուժերի և հայանուն ազգուրացների գործն է: - Հայրենի հողի ճակատագիրը միայն այս սերնդի որոշելիքը չէ. նաև ոչ ոք իրավունք
չունի Հայրենիքի ազատագրության համար ընկած հազարավորների փոխարեն որոշում ընդունել
հողային զիջումների մասին: - Հայրենիքը նյութական արժեք չէ, ուստի որևէ նյութական ներդրման խոստում չի կարող
համարժեք լինել Հայրենիքի մի մասի փոխանակման հետ: - Մեզ համար գոյություն չունի Արցախի հարցի միջազգային կարգավորում: Արցախի հարցը
միայն և միայն հայության հարցն է, որն է` ազատագրված հայրենի տարածքների յուրացումը:
Ազատագրված տարածքները Հայրենիքի անբաժան մասն են, Հայաստան պետության համար ունեն
ռազմավարական անգնահատելի նշանակություն ու երբեք սակարկման ենթակա չեն:
Source Url:
