Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախանձեռնության հայտարարությունը

Արցախի խնդրի «կարգավորման» շուրջ բանակցություններն ու կատարված
հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ Թուրքիան և Հայաստանի հանրապետության
հանցագործ ռեժիմը փորձում են հայ ժողովրդին պարտադրել ազատագրված Հայրենի
տարածքների հանձնում:

Այսօրվա հանցագործ վարչախումբը լուծում է միայն մեկ խնդիր. իր ոչ լեգիտիմ
կարգավիճակի, կատարված ապօրինությունների, հանցագործությունների և թալանի
օրինականացման փորձ:

Իրավիճակը խիստ մտահոգիչ է, և պահանջում է ազգային ներուժի կենտրոնացում:

Յուրաքանչյուր հայրենազգաց և ազգի ապագայով մտահոգ հայորդի պետք է հստակորեն
գիտակցի պահի լրջությունը և պատասխանատվությունը.

  • Արցախը (ԼՂՀ և ազատագրված տարածքներ) Հայոց հայրենիքի անբաժան մասն է, Հայաստան
    պետության անկախության և անվտանգության կարևորագույն երաշխիքը:
  • Երկրի խաղաղության և կայունության միակ գրավականը ազատագրված հայրենի հողերի
    բացառապես հայկական վերահսկողությունն է:
  • Ռազմաճակատի խաղաղությունը արդյունք է հայ զենքի հաղթանակի, այլ ոչ օտարների
    միջնորդական ջանքերի:
  • Ով կոչ է անում հողային զիջումների, կոչ է անում տարածաշրջանային
    հավասարակշռության խախտման, այսինքն պատերազմի վերսկսման:
  • Զիջել Ադրբեջանին տարածքներ, նշանակում է հնարավորություն տալ նրան վերսկսել
    պատերազմական գործողությունները:
  • Զիջելով հողեր, մենք զիջում ենք իրական և շոշափելի երաշխիքներ, փոխարենը ստանում
    ենք աներաշխիք խոստումներ:
  • Ով ցանկանում է խաղաղություն, պետք է պատրաստ լինի պատերազմի՚ առաջնորդվենք
    ազատագրված հողերը չզիջելու գաղափարով:
  • Պատերազմը կսկսվի Ադրբեջանին հողեր զիջելուց անմիջապես հետո: Միջազգային
    հանրության դատապարտումները որևէ իրական արժեք չեն ունենա:
  • Հողային զիջումների կողմնակիցները կամա թե ակամա կողմ են Գորիսի, Կապանի և Մեղրու
    շրջանների ռմբակոծմանը:
  • «Գրավյալ տարածք» ասող հայը թրքատիպ կամ մոլորյալ հայ է: Այդ տարածքներին հայերը
    ասում են «ազատագրված հողեր»:
  • Խաղաղապահ ուժերը սեփական աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող պետությունների
    գրավման զորքեր են (դրա վառ օրինակը սերբական Կոսովոն է): Թողնել նրանց մուտքը
    Երկրի կարևորագույն ռազմավարական տարածքներ, նշանակում է Հայրենիքը դնել օտարի
    վերահսկողության տակ:
  • Ոչ մի «խաղաղապահ» միջազգային ուժ դեռ ոչ մեկին չի պաշտպանել հակառակորդի
    հարձակումից: Հիշի’ր Սերբական Կրաինան, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Լիբանանի
    հարավը, Մակեդոնիան…
  • Մինչև այսօր կայուն խաղաղություն է, բայց խաղաղապահ ուժեր չկան: Վաղը կարող են
    խաղաղապահ ուժեր լինեն, իսկ խաղաղություն չլինի:
  • ՀՀ-ի ու Արցախի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը երբեք կախված չեն ղարաբաղյան
    հարցի «կարգավորումից»: Դա առասպել է, որը նպատակ ունի թմրեցնելու հայերիս
    զգոնությունը: Աշխարհում կան տասնամյակներ շարունակվող, չկարգավորված բազմաթիվ
    հակամարտություններ (Իսրայել-Սիրիա, Իսրայել-Լիբանան, Կիպրոս, Քաշմիր, Կուրիլներ,
    Հյուսիսային Իռլանդիա, ևն.), որոնք բնավ չեն խանգարում հակամարտող երկրների
    համակողմանի զարգացմանը:
  • Ով ճանաչում է թուրքի էությունը, նա չի կարող հավատալ վերջինիս խոսքին և
    հայ-թուրք բարի դրացիությանը: Եվ ով դեռ կերակրվում է օտարների միջնորդական
    հավաստիացումներով, նա անճանաչ է գոնե մեր պատմությանը:
  • Ով ուզում է, որ 21-րդ դարը սկսվի և անցնի առանց հայկական ողբերգությունների (որոնք,
    տարօրինակ «օրինաչափությամբ», միշտ հետևում են միջազգային երաշխիքներին,
    համաձայնագրերին ու «հայանպաստ» որոշումներին), դրա համար պետք է հրաժարվի զիջելու
    գաղափարից և լծվի ազատագրված տարածքները համակողմանիորեն յուրացնելու գործին:
  • Ադրբեջանական այսօրվա ռազմատենչ աղմուկ-աղաղակը հոգեբանական ներգործման միջոց է,
    որը նպատակ ունի մեզ վախեցնելով պարտադրել պարտվողական համաձայնագիր:
  • Չկան Հայաստանի և Արցախի առանձին շահեր, կա հայ ժողովրդի մնայուն և միասնական շահ:
    Արցախի հարցը համահայկական հարց է: Իսկ ղարաբաղցի-հայաստանցի հակադրման սերմանումը
    թշնամական արտաքին ուժերի և հայանուն ազգուրացների գործն է:
  • Հայրենի հողի ճակատագիրը միայն այս սերնդի որոշելիքը չէ. նաև ոչ ոք իրավունք
    չունի Հայրենիքի ազատագրության համար ընկած հազարավորների փոխարեն որոշում ընդունել
    հողային զիջումների մասին:
  • Հայրենիքը նյութական արժեք չէ, ուստի որևէ նյութական ներդրման խոստում չի կարող
    համարժեք լինել Հայրենիքի մի մասի փոխանակման հետ:
  • Մեզ համար գոյություն չունի Արցախի հարցի միջազգային կարգավորում: Արցախի հարցը
    միայն և միայն հայության հարցն է, որն է` ազատագրված հայրենի տարածքների յուրացումը:

Ազատագրված տարածքները Հայրենիքի անբաժան մասն են, Հայաստան պետության համար ունեն
ռազմավարական անգնահատելի նշանակություն ու երբեք սակարկման ենթակա չեն: